Բաժիններ՝

Շիրակի մարզի 61-ամյա բնակչի տրակտորը և խոտի հակավորման գործիքը հայ-թուրքական սահմանից գողացել են. հետքերը տարել են Թուրքիա

Շիրակի մարզի Հայկավան գյուղի բնակիչ  61-ամյա Գոռ Կարապետյանն արդեն 40 տարի  տրակտորով խոտհունձ է անում Թուրքիային սահմանակից հայկական գյուղերի տարածքներում։ Սակայն արդեն 1,5 ամիս է, ինչ Գ. Կարապետյանն անգործ է, քանի որ տրակտորը, խոտի հակավորման գործիքի հետ միասին, հայ-թուրքական սահմանից գողացել են։

«Արդեն 5-6 տարի է՝ Ամասիայի շրջանի Գետաշեն համայնքին պատկանող հողերում, որոնք գտնվում են սահմանամերձ գոտու 3-րդ ուղեկալի տարածքում, խոտը ես եմ հնձում։ Այս տարի էլ մեկ ամիս գնացի խոտհունձի, գիշերները տեխնիկան թողնում էի ուղեկալի մոտ։

Սեպտեմբերի 30-ին տրակտորը լավ չէր աշխատում, այն թողեցի ուղեկալից ընդամենը մի 5 մետր հեռավորության վրա ու ասացի, որ գնում եմ մի քանի պահեստամասեր բերելու, որ առավոտյան կրկին խոտ հնձեի։ Բայց հոկտեմբերի 1-ի առավոտյան մինչև գնացի ուղեկալ, տեսա՝ տրակտորը չկար, իմ կանգնեցրած տեղում չէր։ Մտածեցի՝ կարող է՝ տղաները գնացել են սահմանը ստուգելու ու քարշակով ուղեկալից հեռու են տարել՝ մինչև ես հասնեմ, բայց պարզվեց, որ իմ տրակտորը տարել են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գոռ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ տեսնելով, որ տրակտորը չկա, անմիջապես գնացել է ուղեկալ, սահմանապահների հետ գնացել են այն վայրը, որտեղ թողել է տրակտորը, և տեսել, որ կան հետքեր՝ պարզ երևացել է, որ տրակտորը տարել են դեպի Թուրքիայի  պետական սահմանի կողմ։

«Ուղեկալի հետ գնացել ենք մինչև Թուրքիայի պետական սահման ու տեսանք, որ տրակտորի անիվի հետքերը լրիվ երևում է։ Անմիջապես զանգահարեցին Գյումրի կենտրոնական կայան, որտեղից եկան, նկարեցին, հետազոտեցին, Թուրքիայի ուղեկալից էլ էին մարդ հրավիրել։ Հետո նկարահանող սարքերը նայեցին, չգիտեմ՝ իրար հետ ինչ խոսեցին, բայց արդեն 1 ամիս 20 օր է՝ տրակտորից որևէ տեղեկություն չկա»,- ասաց Գ. Կարապետյանը։

Ըստ նրա, այս ամենը տեղի է ունեցել ռուս սահմանապահների անուշադրության հետևանքով, քանի որ տրակտորը մինչև Թուրքիայի պետական սահման հասցնելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ եղել, հատկապես այն դեպքում, երբ տրակտորն անսարք վիճակում է եղել։

«Տրակտորն իմ սեփականությունն էր, արժեր մի քանի հազար դոլար, չհաշված հակավորման սարքը։ Այս գողության արդյունքում ոչ միայն կորցրեցի մի քանի հազար դոլար և անգործ մնացի, այլև պարտքով գումար եմ վերցրել, խոտ առել, որ ձմռանն անասուններին կերակրեմ։ Այս ամենի մասին հայտնել եմ տեղի ոստիկանությանը, Ամասյանի շրջանի ԱԱԾ-ի բաժնի աշխատակիցներին, չնայած երկար ժամանակ է անցել, բայց հույս ունեմ, որ կա՛մ իմ տրակտորը  կվերադարձնեն, կա՛մ փոխհատուցում կտան»,- ընդգծեց Գ. Կարապետյանը:

Նա  տեղեկացրեց, որ դեպքից երկու շաբաթ անց կրկին գնացել է ռուս սահմանապահների մոտ՝ ճշտելու՝ որևէ լուր ունե՞ն, սակայն նրան պատասխանել են, որ տրակտորն արդեն Թուրքիայի սահմանում է և այս պահին դեռ շոշափելի արդյունքներ չկան։
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս