«Արտաքին քաղաքականության մեջ երբեմն ավելի լավ է լռել ու ստանալ ԵԱՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոն, քան թքել քամու դեմ ու կորցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը». Վիգեն Սարգսյան

«Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակն արտաքին քաղաքականության մեջ պարբերաբար ի հայտ եկող երևույթներից մեկն է, որին պետք է պատրաստ լինել միշտ, սակայն ցանկալի է նախօրոք մտածել և պլանավորել քայլերը, որպեսզի այդպիսի իրավիճակներ չստեղծվեն։ Ես չեմ կարծում, որ վիճակն այնքան դրամատիկ է, որ պետք է կոնսոլիդացվել ու հակադրվել, պարզապես, եթե մենք կորցնենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեկտեմբերի 6-ին, դա կլինի լուրջ կորուստ, որովհետև իրականում ՀԱՊԿ-ն մեր անվտանգության համար կարևորագույն կառույցներից մեկն է, և շատ ցանկալի կլիներ, որ, եթե ճգնաժամ է զարգանալու իրական, այնտեղ լինի մարդ, որը խնդիրը պատկերացնում է ոչ տեսականորեն, իսկ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հենց այդպիսի մարդ էր»,- այս մասին երեկ «Կենտրոն» հեռուստատեսությունից Հ1 տեղափոխված ու «Այսօր իրականում» ծրագիրը վարող Պետրոս Ղազարյանի եթերում հայտարարեց նրա առաջին հյուրը՝ պաշտպանության նախկին նախարար, արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։

Ըստ Վիգեն Սարգսյանի՝ Խաչատուրովի նշանակումն այնտեղ պատահական չէր, և բավականին բարդ էր, և ցավալի կլինի, եթե մենք կորցնենք այդ պաշտոնը և այդ պաշտոնում Հայաստանի քաղաքացի ունենալու հնարավորությունը։

Ինչ վերաբերում է առհասարակ արտաքին քաղաքական լուրջ մարտահրավերներին տեսության մեջ, ապա, բանախոսի կարծիքով՝ ընդդիմությունն ու իշխանությունը միշտ պետք է գործեն համախմբված, և ինքն այդ մասին արդեն առիթ ունեցել է խոսելու։

«Ես կարծում եմ, որ ելքեր կան, և թե ես, թե իմ բոլոր գործընկերները պատրաստ կլինենք հուշելու, օգնելու, եթե մեր փորձն ու գիտելիքները պետք կլինեն ճգնաժամը հաղթահարելու գործում, իսկ եթե ոչ, մաղթենք հաջողություն իշխանություններին»,- նշեց պաշտպանության նախկին նախարարը։

Կարդացեք նաև

Լրագրողի այն հարցին, թե ՀԱՊԿ-ի հետ կապված՝ իշխանություններին ուղղված ՀՀԿ  քննադատությունը լսելիս տպավորություն է ստեղծվում, թե եկել է Փաշինյանը, և խնդիրներ են առաջացել, բայց չէ՞ որ իրականում այդ խնդիրները վարչապետը ժառանգել է նրանց իշխանությունից, Վ. Սարգսյանը պատասխանեց, որ արտաքին քաղաքականությունը երբեք վերջնանպատակ չէ, այն միշտ գործընթաց է։ Խնդիրներ միշտ լինում են, բայց այդ խնդիրները միշտ կամ լուծվում են հանգիստ և հարթ, կամ դառնում են պայթյունավտանգ։

«Ինձ մոտ տպավորություն է, որ մեր իշխանությունները փափուկ բարձ են դնում դաշնակիցների գլխի տակ՝ ասելով, թե մենք ոչ մի բան չենք փոխում մեր արտաքին քաղաքականության մեջ, բայց այսպիսի փոքր պայթյուններուվ երկարաժամկետ ռումբեր են դնում մեր կայունության տակ։ Եվ մեր հասարակությունը պետք է իմանա, որ այս դեպքը կամ խոշորագույն ներդրողի մոտ ՊԵԿ-ի՝ ստուգումներ անցկացնելը ու առանց իրենց արդյունքների մասին տեղյակ պահելու՝ մամուլում հրապարակումներ անելը բերելու է հարաբերությունների լարման։ Պետք չէ զարմանալ։ Յուրաքանչյուր դպրոցական լավ գիտի, որ ֆիզիկայի օրենք կա. Երբ թքում ես քամու հակառակ ուղղությամբ, քո երեսը սովորաբար ևս թրջվում է»,- հավելեց ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։

Պատասխանելով այն հարցին, որ երբ ժամանակին՝ Եվրասիական միության ձևավորվելու ժամանակ, Նազարբաևը կարդաց Ալիևի նամակը, Սերժ Սարգսյանը լռեց, ու միգուցե հենց այդ լռությունը նաև ծնեց այսօրվա խնդիրները, Վ. Սարգսյանը շեշտեց, որ արտաքին քաղաքականության մեջ, որը շատ նուրբ արվեստ է, երբեմն ավելի լավ է լռել ու ստանալ ԵԱՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոն, քան թքել քամու դեմ ու կորցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Տեսանյութեր

Լրահոս