Բաժիններ՝

«Ախթամար» սառցե շոուի պրեմիերային հաշված օրեր են մնացել

Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Ախթամար» սառույցի շոուի համաշխարհային պրեմիերան: Սիրո մասին լեգենդ-ներկայացմանը հանդես կգան գեղասահքի համաշխարհային աստղեր, օլիմպիական, աշխարհի չեմպիոններ և միջազգային մրցույթների դափնեկիրներ: «Ախթամար» սառույցի շոուի հեդլայներն է Իրինա Սլուցկայան: Առաջին անգամ պատմության մեջ մարզահամերգային դահլիճի ընդարձակ տարածության մեջ կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը:

Անսահման սիրո մասին ողբերգական պատմությունը կներկայացվի մարմնի, շարժման ու երաժշտության լեզվով: Գաղափարի հեղինակը, պրոդյուսերը պատրաստել է հանդիսատեսի համար դիտարժան ներկայացում՝ վառ համարների և կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկու երաժշտության համադրությամբ:

Կրակի աստվածուհու դերում Իրինա Սլուցկայան է, Արտաշես արքային կմարմնավորի Արթուր Դմիտրիևը, Թամարային՝ Անաստասիա Մարտյուշևան, Ազատին՝ Կոնստանտին Գավրինը…

Նախագծի պատրաստման աշխատանքները տևել են ավելի քան մեկ տարի: Ընդհանուր առմամբ ներկայացման վրա աշխատել է 200-ից ավելի պրոֆեսիոնալ մասնագետ:

Հատուկ շոուի համար ստեղծվել են տեսաինստալացիաներ, որոնք կծառայեն որպես ներկայացման դեկորացիաներ, կներկայացվեն Հայաստանի գեղեցիկ բնապատկերները, արքայական կահավորանքը, խորհրդանիշները: Այս ամենը կներկայացվի երկու սիրահար սրտերը պատմության միջոցով, սրտեր, որոնց չկարողացավ բաժանել անգամ մահը:

Բազմաթիվ հատուկ էֆեկտներ, բացառիկ ռեժիսորական լուծումներ, արտիստների թռիչքներ և հիանալի հագուստ. ահա թե ինչ է սպասվում հանդիսատեսին: Վառ կերպարների ստեղծման վրա աշխատել է ավելի քան 10 հոգանոց ստեղծագործական խումբ՝ զգեստների նկարիչ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ: Ինքնատիպ զգեստներն ստեղծելիս հաշվի է առնվել յուրաքանչյուր մանրուք, ուսումնասիրվել են բազմաթիվ պատմական նյութեր: Որոշ կտորներ անգամ բերվել են Մոսկվայից: Հագուստներն ստեղծելիս օգտագործվել են նաև ժամանակակից թրենդներ:

Շոուի ստեղծմանը մասնակցել են նաև պրոդյուսեր Ալեքսանդր Տոլստելևը, պարուսույց- բեմադրիչ Նիկիտա Միխայլովը, կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկին, կրեատիվ պրոդյուսեր և արտադրության գծով տնօրեն Ստանիսլավ Կորչևսկին և այլք:

«Ախթամար»-ը շոու է, որը համապատասխանում է ամենաբարձրակարգ միջազգային ստանդարտներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս