Մի խումբ կենդանասերներ պահանջում են Երևանի կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը
Նոյեմբերի 17-ին մի շարք կենդանասերներ բողոքի ակցիա կիրականացնեն Երևանի կենդանաբանական այգու մոտ։ «Կենդանաբանական այգին առանց Ռուբեն Խաչատրյանի» ակցիայի մասնակիցները պահանջում են այգու տնօրենի հրաժարականը՝ պնդելով, որ վերջինս թույլ է տվել զանազան ապօրինություններ և մեղավոր է կենդանիների սպանդ կազմակերպելու մեջ։
Նախաձեռնության անդամ, կենդանասեր Մանուկ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով բողոքի ակցիային՝ նշեց, որ այն իրականացնում են մի խումբ կենդանասերներ, որոնք չեն ցանկանում, որպեսզի Ռուբեն Խաչատրյանն իր գործունեությամբ վտանգի կենդանաբանական այգին։
«Ռուբեն Խաչատրյանը մասնագետ չէ և շատ դեպքերում չի էլ լսում մասնագետների խորհուրդը, անում է այնպես, ինչպես ցանկանում է, որի արդյունքում էլ առաջանում են բազմաթիվ սխալներ։ Ինքս երկար տարիներ աշխատել եմ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամում, և կոպիտ ասած՝ հոգնելով ամեն սուտ ու կեղծիքից՝ չեմ շարունակելու աշխատել։ Իմ և Ռուբեն Խաչատրյանի միջև եղել են մասնագիտական տարաձայնություններ, վերջին օրինակն արջերի հետ էր կապված, երբ բոլորս տեսանք, թե ինչպես են երկու արջ ուտում իրենցից երիտասարդ արջին։ Այն մարդիկ, որոնք աշխատել են Ռուբեն Խաչատրյանի հետ, այսօր ցանկություն չունեն իրենց աշխատանքը նրա հետ շարունակել»,- ասաց Մանուկ Մանուկյանը և ընդգծեց, որ բողոքի ակցիան կշարունակվի այնքան, քանի դեռ Ռ. Խաչատրյանը չի հրաժարվել տնօրենի պաշտոնից։
Ըստ նրա, Ռուբեն Խաչատրյանին ընդանրապես չի հետաքրքրում բնությունը և կենդանական աշխարհը, նրան հետաքրքրում է միայն գումարը։
Նրա խոսքով՝ նախկինում տարբեր մարդիկ Ռուբեն Խաչատրյանին ասել են, որ, եթե մասնագետ չէ, ապա պետք է թողնի ոլորտը.
«Սակայն վերջինս միշտ փորձել է պաշտպանվել եվրոպացի մասնագետներով, բայց չեմ կարծում, որ նրանք գիտեն ամբողջ եղելությունը»,- եզրափակեց Մանուկ Մանուկյանը։
Բողոքի ակցիայի հետ կապված 168.am-ը փորձեց Ռուբեն Խաչատրյանից պարզել, թե ի՞նչ ապօրինությունների մասին է խոսքը, սակայն վերջինս նշեց, որ չի ցանկանում խախտել ընդունված կարգը, ուստի նպատակահարմար է, որպեսզի հարցն ուղարկվի գրավոր, և գրավոր պատասխանի։
Հարցը գրավոր ուղարկել ենք և թեմայի հետ կապված առաջիկայում կներկայացնենք նաև Ռուբեն Խաչատրյանի մեկնաբանությունը։
Զվարթ Խաչատրյան