
Ֆունտի փոխարժեքն ընկել է Brexit-ի գործերի նախարարի պաշտոնաթողության լուրից. The Guardian

Բրիտանական ֆունտ ստեռլինգը եվրոյի եւ դոլարի նկատմամբ էժանացել է Brexit-ի գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի պաշտոնաթողության վերաբերյալ հաղորդագրությունների ֆոնին: Այդ մասին նոյեմբերի 15-ին հայտնել է The Guardian թերթը:
Նրա տվյալներով՝ միջին հաշվով համաշխարհային արժույթների նկատմամբ ընդամենը մեկ ժամվա ընթացքում անկումը կազմել է 1 տոկոս:
Այժմ ֆունտի դիմաց առաջարկում են 1,13 եվրո եւ 1,28 դոլար: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Brexit-ի գործերի բրիտանացի նախարար Դոմինիկ Ռաաբը հրաժարական է տվել, հայտարարելով, որ չի կարող պաշտպանել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ վարչապետ Թերեզա Մեյի կողմից առաջարկվող գործարքի նախագիծը: Այդ մասին Ռաաբը նոյեմբերի 15-ի առավոտյան հայտնել է իր Twitter-ում:
«Այսօր ես հրաժարվեցի Brexit-ի գործերի նախարարի պաշտոնից: Ես չեմ կարող մաքուր խղճով պաշտպանել այն պայմանները, որոնք առաջարկվել են Եվրամիության հետ մեր գործարքի համար»,-ասված է Ռաաբի թվիթում: Մինչ այդ Brexit-ի պատճառով հրաժարական էր տվել Հյուսիսային Իռլանդիայի գործերի բրիտանացի նախարար Շեյլեշ Վարան: «Մեծ դառնությամբ ու ափսոսանքով ես վարչապետին ներկայացրեցի Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարարի պաշտոնը թողնելու խնդրագիրը»,-գրել է նա Twitter-ում:
Խնդրագրում Վարան անհամաձայնություն է հայտնել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծին: «Ես չեմ կարող պաշտպանել Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ ԵՄ-ի հետ համաձայնեցված պայմանագիրը»,-հայտարարել է նախարարը: Նախօրյակին հինգժամյա քննարկումից հետո Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի տեքստին: Տեղեկացվել է, որ փաստաթղթին դեմ է արտահայտվել կառավարության անդամների մեկ երրորդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: