Նիկոլ Փաշինյանը խոշոր գործարարների հետ քննարկել է ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների և խոշոր հարկ վճարող ընկերությունների ղեկավարների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտում բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանը, տեղական արտադրողի շահերի պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր: 

Գործարարները ողջունել են կառավարության տնտեսական քաղաքականությունը, մասնավորապես, Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, այդ թվում՝ եկամտահարկի նվազեցման ուղղությամբ: Նրանք ընդգծել են, որ հարկային դաշտի պարզեցմամբ կարևոր լուծումներ են տրվում բիզնեսի համար առկա տարբեր խնդիրներին, ինչը դրական ազդեցություն կունենա երկրում տնտեսության զարգացման և ներդրումային ծրագրերի իրականացման վրա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն նպատակները, որոնք կառավարությունը դրել է իր առաջ, առանց բիզնեսի արձանագրած հաջողությունների՝ իրականություն չեն դառնա, և գործադիրը շահագրգիռ է գործարարների հաջողություններով: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է բիզնես հանրության հետ ակտիվ երկխոսությունն ու փոխգործակցությունը և հավելել, որ կառավարության քայլերն ուղղված են աշխատանքը և նոր արդյունք ստեղծելը խրախուսելուն, հնարավորություններն առավել հանրամատչելի դարձնելուն: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կառավարության գործունեության ընթացքում հարկ վճարողների եկամուտները կավելանան, նրանք կարձանագրեն նոր հաջողություններ և արդյունքում կավելացնեն պետությանը վճարվելիք հարկերը:

Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրում տնտեսական ակտիվության բարձրացմանն ու ամրապնդմանը: 

Տեսանյութեր

Լրահոս