
ԻՊ-ն ստանձնել է Մելբուռնում իրականացված հարձակման պատասխանատվությունը. Reuters

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է նոյեմբերի 9-ին Մելբուռնում անցորդների վրա հարձակման պատասխանատվությունը, որը կատարվել է դանակով զինված տղամարդու կողմից: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Ոստիկանությունը նոյեմբերի 9-ին Մելբուռնի գործարար թաղամաս է ժամանել այն բանից հետո, երբ ավտոմեքենան մխրճվել էր առեւտրի կենտրոնի շենքի մեջ ու բռնկվել:
Դրանից հետո ժամանած կարգի պահապանների վրա է նետվել դանակով զինված մի մարդ՝ գոռալով «Ալլահ Աքբար»: Հարձակման հետեւանքով տուժել է երեք անցորդ, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է, իսկ երկուսը հիվանդանոց են տեղափոխվել դանակի վերքերով: Գրոհի ընթացքում չարագործը հրազենային վերք է ստացել ոստիկաններից եւ ավելի ուշ մահացել հիվանդանոցում: Նշվում է, որ ենթադրյալ հանցագործը Սոմալիից Ավստրալիա է տեղափոխվել 1990-ական թվականներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: