«Վրացական երազանքի» կողմնակիցները նոյեմբերի 11-ից ակցիաներ կսկսեն ամբողջ Վրաստանում
«Վրացական երազանքի» կողմնակիցները նոյեմբերի 11-ից «Ես պաշտպանում եմ ազատությունը» շարժման կազմակերպման շրջանակներում ակցիաներ կսկսեն Վրաստանի բոլոր տարածաշրջաններում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Կազմակերպիչների տեղեկատվությամբ, մինչեւ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ակցիաներ տեղի կունենան բոլոր մեծ քաղաքներում, իսկ քվեարկության նախօրյակին զանգվածային ակցիա կկայանա Թբիլիսիի Առաջին հանրապետության հրապարակում: Ինչպես IPN-ին հայտնել է սակրեբուլոյի (մունիցիպալ ժողով) պատգամավոր, «Ես պաշտպանում եմ ազատությունը» շարժման անդամ Վաթո Շաքարիշվիլին, ակցիաներ են անցկացվելու երկրի բոլոր տարածաշրջաններում, որպեսզի բնակչությանը հորդորեն՝ «մերժել «Ազգային շարժման» ռեժիմի վերադարձը»:
«Ես պաշտպանում եմ ազատությունը» շարժմանը ես միանում եմ ոչ թե որպես քաղաքական գործիչ կամ ինչ-որ կուսակցության ներկայացուցիչ, այլ որպես շարքային քաղաքացի, որը նաեւ անցած տարիներին էր կանգնած ազատության պաշտպանության դիրքերում, կանգնած է նաեւ այսօր… Մարդիկ առավելագույնս համախմբված ու միասնական են՝ պաշտպանելու այն արժեքները, որոնք 2012 թվականին վրացական հասարակության կողմից ձեռք են բերվել «Վրացական երազանքի» եւ Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդությամբ:
Հասարակությունը դրա համար շատ բարձր գին է վճարել: Մենք մտադիր ենք լինել Վրաստանի տարբեր տարածաշրջաններում: Առաջին հանդիպումը պլանավորված է նոյեմբերի 11-ին Թելավում, այնուհետեւ Բաթումում, Քութայիսում եւ ամենուրեք, որտեղ այս կարճ ժամկետում հնարավորություն կլինի բնակչությանը հորդորել՝ կանգնել ազատության պաշտպանության դիրքերում»,-հայտարարել է Վաթո Շաքարիշվիլին: