Կարեն Կարապետյանի հայտարարության ենթատեքստերը
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը չի մասնակցելու դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Այս մասին վերջինս հայտարարություն էր տարածել օրեր առաջ:
Ուշագրավ է, որ Կարապետյանի հայտարարությունը կամ փորձ արվեց անտեսել կամ ուղղորդել այլ հարթություն՝ գործարարները չեն մասնակցում ընտրություններին։
Իրականում Կարապետյանը սովորական կամ շարքային քաղաքական գործիչ չէ: Նա սարգսյանական համակարգում ձայնի իրավունք ունեցող եզակի դեմքերից էր։ Ընդ որում, այդ իրավունքը նա ոչ թե նվեր էր ստացել, այլ՝ վաստակել։ Եւ մեկ անգամ չէ, որ հրապարակային տեսակետով հակադրվել է իշխող տեսակետին։
Ինչ վերաբերում է գործարարությանը, ապա սա լրիվ հորինված վարկած է։ Լինել Սամվել Կարապետյանի եղբայրը, չի նշանակում լինել գործարար, եւ վարչապետական ինդուլգենցիան՝ գործարար, թե սեփականատեր՝ այս դեպքում անտեղի է։ Կարեն Կարապետյանը երբեք հանրային կյանքում, հանրային ընկալման մեջ չի եղել որպես գործարար։ Փոխարենը կամ եղել է պետական համակարգում, կամ քաղաքական գործընթացներում։
Կարեն Կարապետյանի բացակայությունը այս ընտրական փուլին, ի թիվս այլոց, մի տեսակ ընտրությունների կշիռն է գցում։ Հիմա, երբ շատ ու շատ հայտնի եւ անհայտ գործիչներ, հայտնի, բայց սպառված դեմքեր, կռիվ են տալիս մանդատի համար, Կարեն Կարապետյանի եւ այլոց չմասնակցելը, ոչ թե անհատական բացակայություն է , այլ ընտրական փուլի սոլիդության։
Եթե մթնոլորտը երկրում այլ լիներ, Կարեն Կարապետյանի հայտարարության մեջ տեղ գտած որոշ ձևակերպումներ կնքննարկվեին ավելի խորը, որովհետև այնտեղ առկա են որոշակի շրջանակաների մտահոգություններ եւ մեսիջներ։ Հիմա դա անելը անիմաստ է։ Հիմա աղմուկի եւ զանգվածների փուլն է։ Եւ հենց այդ մթնոլոտն է ստիպում շատերին խուսափել այս ընտրական ցիկլից։
Այս հայտարարությամբ Կարապետյանն իրեն դրեց այն գործիչների, այն ուժերի շարքին, որոնք հիմա ընդամենը դիրքավորվում են ավելի երկարաժամկետ զարգացումների՝ հաջորդող քաղաքական գործընթացներին եւ քաղաքական զարգացումներին ընդառաջ։
Գեղամ Նազարյան