Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը Երևանի պետական կոնսերվատորիայի աշխատակազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակազմին և պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանին:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ բուհական համակարգը չի կարող անմասն մնալ հանրապետությունում սկիզբ առած բարեփոխումների գործընթացից և կոնսերվատորիայում տեղի ունեցող փոփոխությունները ևս այդ համատեքստում կարևոր են. «Նոր ռեկտորի պաշտոնակատարը պետք է եռապատկի և քառապատկի ջանքերը, որպեսզի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան լուրջ հաջողություններ արձանագրի: Սոնա Հովհաննիսյանը երաժշտական արվեստի ոլորտում հայտնի մարդ է և հավելյալ ներկայացնելու կարիք չունի:

Այն հաջողությունները, որ նա ունեցել է իր ոլորտում` «Հովեր» երգչախմբի ղեկավարման ընթացքում, թույլ են տալիս վստահություն ունենալ, որ տիկին Հովհաննիսյանը կկարողանա լուծում  տալ իր առջև դրված խնդիրներին: Մենք լիահույս ենք, որ կուտակած գիտելիքի և կարողությունների պաշարն ամբողջությամբ նա կներդնի կոնսերվատորիայի զարգացման համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ ԿԳ նախարարությունն իր լիազորությունների և պարտականությունների շրջանակում կանի ամեն ինչ, որպեսզի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի զարգացումը կազմակերպվի արդյունավետ: Միաժամանակ, Արայիկ Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Շահեն Շահինյանին` բուհում կատարած տարիների աշխատանքի համար և շեշտել, որ նախկին ռեկտորին հիմնականում հաջողվել է լուծում տալ ընթացիկ խնդիրներին:

Ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հարությունյանը ևս շնորհակալություն է հայտնել  բուհի նախկին ռեկտորին` կատարած աշխատանքի համար: Նա իր խոսքում կարևորել է հատկապես աշխատանքային բարենպաստ մթնոլորտի ձևավորումը. «Մենք ապրում ենք անցումային փուլում և այդ առումով կարևոր է անցման գործընթացի բնականոն կազմակերպումը: Յուրաքանչյուր մարդ իր մթնոլորտն է բերում և իր միջավայրն է ստեղծում: Ինձ համար կարևոր է, որ մենք կարողանանք հանգիստ վերաբերվել այդ գործընթացին և ուղիղ նայել միմյանց»,- նշել է Սոնա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Շահեն Շահինյանը հրաժարական է ներկայացրել, և ԿԳ նախարարի հրամանով «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է ռեկտորի պաշտոնակատար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս