«Քաղաքական ուժերի անձնական ամբիցիաները երբեմն խանգարում են հաղթանակ ապահովել»

«Առաջին անգամ չէ, որ դաշինքներ են պառակտվում։ «Լույս» դաշինքը ներկայանում էր որպես արևմատամետ և ինչ-որ առումով պաշտպանում էր արևմտյան ուղին։ Խնդիրն այն է, որ ընտրությունների ժամանակ քաղաքական չկայացած ուժերի ղեկավարների անձնական ամբիցիաները խանգարում են ընդհանուր գործին։ Հասկանալի է, որ «Լույս» դաշինքի համար գուցե խնդիր է հաղթահարել 7 տոկոսը. տրամաբանական էր, և ադեկվատությունը պետք է հուշեր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, լինելով մի քիչ ավելի մրցունակ, քան «Հանրապետություն» կուսակցությունն է, վերջինիս ներկայացուցիչները, ինչպես նաև արևմտյան կողմնորոշման այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ պետք է ընդգրկվեին «Լուսավոր Հայաստանի» ցուցակում և մասնակցեին ընտրություններին»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերի վերադասավորումներին ու դաշինքների պառակտումներին։

Ըստ քաղտեխնոլոգի՝ մարդկանց անձնական ամբիցիաները թույլ չեն տալիս նախընտրական քարոզարշավից առաջ դաշինքներ կազմել և ընտրություններին գնալ միասնական դաշինքով. «Շատ են ասում, թե ինչու մենք պետք է իրենց միանանք, թող իրենք գան մեր ցուցակում ընդգրկվեն։ Եվ այս ամենն առաջին անգամ չէ, որ մեզանում կատարվում է, սա եղել է հինգ, տասը տարի առաջ»,- ասաց քաղտեխնոլոգը և ընդգծեց, որ անձնական ամբիցիաները երբեմն խանգարում են նաև հաղթանակ ապահովել, ինչն էլ ցույց է տալիս տվյալ ուժի ադեկվատ չլինելը։

Անդրադառնալով այն հարցին, թե ապագա խորհրդարանում քաղաքական ո՞ր ուժին է տեսնում ընդդիմության դերում, Արմեն Բադալյանը պատասխանեց, որ սովորաբար ընտրություններն չեն մասնակցում իշխանությունը կամ ընդդիմությունը։

«Ընտրություններին մասնակցում են քաղաքական ուժերը, այդ քարոզարշավի ժամանակ, կարելի է ասել, դադարում է աշխատել այն գործոնը, թե տվյալ քաղաքական ուժը ընդդիմություն է եղել, թե՞ իշխանություն։ Իհարկե, իշխանության պահով մի քիչ մնում է, որովհետև ամեն դեպքում նա պատասխանատվություն է կրում իր արածի համար։ Ընտրությունների արդյունքում ո՞վ կանցնի խորհրդարան և չի մասնակցի գործադիր իշխանության ձևավորմանը, այդ ուժն էլ կլինի ընդդիմադիր, թե ո՞ր ուժը կլինի, որևէ մեկը չի կարող ասել, քանի որ ամբողջական ցուցակը չկա, ամեն ինչ դեռ հայտարարությունների մակարդակով է»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս