Խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերն ադեկվատ չեն. Քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություներին և սպասվող նախընտրական քարոզարշավին, նշեց, որ քաղաքական բոլոր ուժերն ընտրություններին պետք է պատրաստ լինեն ցանկացած ժամանակ։ Ըստ նրա՝ մայիսից հետո հասկանալի էր, որ ընտրություններին պատրաստվելու համար տրվելու է մեկ տարի ժամանակ, սակայն հոկտեմբերի սկզբին, երբ հայտարարվեց, որ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերին, պարզ դարձավ մեկ բան, որ քաղաքական ուժերն ադեկվատ չեն ստեղծված իրավիճակում։
Բացի այդ, Հայաստանի քաղաքական դաշտի ոչ ադեկվատությունը ցույց է տալիս նաև հին Ընտրական օրենսգիրքը։
«Սա նշանակում է, որ առնվազն մայիսից հետո քաղաքական բոլոր ուժերը պետք է հասկանային, որ հեղափոխությունից հետո ընտրազանգվածի գիտակցության մեջ տեղի է ունեցել արմատական փոփոխություն։ Իհարկե, պետական կառավարման համակարգում տեղի է ունեցել մասնակի իշխանափոխություն, միայն կառավարությունն էր, որ անցել է նոր ուժերին, իսկ խորհրդարանը և Երևանի ավագանին հին ուժերն էին։ Հատկապես, երբ հուլիսին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, դա նշանակում էր, որ կուսակցությունները պետք է սկսեին անուղղակի քարոզարշավ, սակայն նման բան տեղի չունեցավ։ Ավագանու ընտրություններում սպասեցին քարոզարշավի պաշտոնական մեկնարկին և այդ 12 օրերի ընթացքում անցկացրեցին քարոզարշավ»,-նշեց քաղտեխնոլոգը և ընդգծեց, որ խորհրդարանական ընտրություններում կրկնվելու է նույնը, քանի որ հոկտեմբերի 2-ին բոլոր ուժերը, իմանալով, որ գնալու են խորհրդարանական ընտրությունների, չեն սկսել անուղղակի քարոզարշավ, այլ սպասում են նոյեմբերի 26-ին։
Արմեն Բադալյանի խոսքով՝ Հայաստանի մասշտաբով 12 օրը բավականին քիչ է քարոզարշավ անցկացնելու համար, քանի որ քննարկելու բազմաթիվ հարցեր կան։
«Եթե Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ միայն Երևանին վերաբերող խնդիրներ պետք է քննարկվեին, ապա խորհրդարանականի ժամանակ պետք է քննարկեն արտաքին քաղաքականության հայեցակարգ, դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ կապված հարցեր, Սահմանադրության փոփոխության հարց և այլն: Այս հարցերի վերաբերյալ որևէ քննարկում չկա, քանի որ երկու շաբաթ միայն քննադատում էին Ընտրական օրենսգիրքը: Այ, սա է ցույց տալիս նրանց ոչ ադեկվատությունը»,- շեշտեց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգը նաև անդրադարձավ այն խոսակցություններին, թե ներկայիս Ընտրական օրենսգիրքը թույլ չի տալիս անցկացնել գաղափարական և քաղաքական ընտրություններ: Ա. Բադալյանը վստահեցնում է, որ ԸՕ-ն դա թույլ է տալիս, պարզապես շատ դեպքերում քաղաքական ուժերը չեն ցանկանում նշել, որ իրենք համարժեք մրցակից ուժ չեն, և դա պատճառաբանում են Ընտրական օրենսգրքով։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան