«Սահմանային տարիքի հասած սպաների ու ենթասպաների հետ թույլատրվում է կնքել հետագա ծառայության պայմանագիր յուրաքանչյուր դեպքում 1 տարով»
Հարցազրույց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կադրերի վարչության պետ, գնդապետ Ստեփան Գևորգյանի հետ.
– Պարոն գնդապետ, խնդրում եմ ներկայացնել, թե ի՞նչ գործառույթներ է իրականացնում ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի վարչությունը:
– Նախևառաջ, բնականաբար, զբաղվում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կադրային քաղաքականությամբ: Իսկ հիմնական գործառույթները հետևյալն են` ԶՈՒ սպայական և ենթասպայական կազմի պահանջարկի ձևավորում և պլանավորում, ռազմական կադրերի ընտրություն, համապատասխան պաշտոնների նշանակում և ծառայության ընթացքում առաջխաղացման, ուսման և վերապատրաստման ապահովում, զինվորական կոչումների շնորհում և իհարկե արժանապատիվ զորացրման կազմակերպում:
– Զինված ուժերում ի՞նչ ընթացակարգով է կազմակերպվում կադրերի համալրման գործընթացը:
– Համալրման առաջին աղբյուրը ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ արտասահմանյան ռազմաուսումնական հաստատություններն ավարտած շրջանավարտներն են, որ ստանալով առաջին սպայական կոչումները՝ համալրում են ԶՈՒ դասակի հրամանատարների պաշտոնները: Ապա նաև պահեստազորում հաշվառված սպաները, որոնք ցանկություն են հայտնում կրկին անցնելու զինվորական ծառայության: Շատ կարևոր օղակ են նաև պայմանագրային՝ շարքային և ենթասպայական կազմի զինծառայողները։ Նրանցից շատերը, ունենալով բարձրագույն կրթություն, ծառայության փորձ և անցնելով համապատասխան վերապատրաստման փուլ, նշանակվում են սպայական պաշտոնների:
– Պարոն գնդապետ, հատկապես ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք ՀՀ ԶՈԻ իրականացվող կադրային քաղաքականության շրջանակներում և դրանց լուծման ի՞նչպիսի ուղիներ են նախանշվում։
– Դրանք հիմնականում պլանային տեղափոխման սահմանված ժամկետների չպահպանման, սպաներին իրենց բնակավայրերի մոտ հետագա ծառայության նշանակելու, ինչպես նաև երկարամյա կենսաթոշակի իրավունք ձեռք բերած կամ սահմանային տարիքի հասած սպաներին հետագա ծառայության թողնելու խնդիրներն են։
ՀՀ զինված ուժերում կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում որոշակիորեն փոփոխվել են տարբեր կարգ ունեցող զորամասերի թվաքանակները, առայժմ հնարավոր չէ կատարել սպաների պլանային սահուն տեղափոխություն։ Ելնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներից, զինված ուժերի գլխավոր շտաբում մշակվել է սպաների պլանային տեղափոխության նոր կարգ, որի գործողության դրվելուց հետո այս խնդրին լուծում կտրվի։ Իսկ մինչ այդ տեղափոխությունները կիրականցվեն նախկին կարգի համաձայն։ Այս պարագայում առավելությունը կտրվի երկար տարիներ մարտական հերթապահություն իրականացնող սպաներին։ Ինչ վերաբերվում է սպաներին պլանային տեղափոխությունների ժամանակ հետագա ծառայությունն իրենց բանակավայրերին մոտ գտնվող զորամասերում նշանակելուն, ապա պետք է ասեմ, որ նման պարտավորություն ոչ մի օրենքով և հրամանով սահմանված չէ։ Այլ բան է՝ սպաների և նրանց ընտանիքի անդամների խնդրանքը։ Նշեմ, որ բոլոր դեպքերում այս խնդիրը ուսումնասիրվում է։ Ցանկացած դեպքում նման խնդրահարույց հարցերին ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով օբյեկտիվ պատճառաբանությունը։
Հաջորդ հարցը՝ կապված զորացրումների և հետագա պայմանագրերի կնքման հետ, տեղեկացնում եմ, որ սահմանային տարիքի հասած սպաների ու ենթասպաների հետ օրենքով թույլատրվում է կնքել հետագա ծառայության պայմանագիր յուրաքանչյուր դեպքում 1 տարով, 10 տարիների ընթացքում։ Այս գործընթացն իրականացվում է սպայի, ենթասպայի հետագա ծառայության մեջ մնալու ցանկությամբ և կոլեգիալ որոշման կայացմամբ։ Հետագա պայմանագրի կնքման համար հիմք են հանդիսանում պահանջվածությունը, նպատակահարմարությունը, ինչպես նաև երկարամյա կենսաթոշակի հասնելու համար մնացած ժամանակահատվածը։
Ինչ վերաբերվում է երկարամյա կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն սահմանային տարիքի չհասած սպաների հետ հերթական պայմանագրեր կնքելուն, ապա այս պարագայում գործընթացն իրականացվում է ոչ կոլեգիալ կարգով։ Այս դեպքում առաջնահերթությունը տրվում է այն սպաներին, ովքեր համարվում են հեռանկարային, ծառայություն են իրականացնում սահմանամերձ զորամասերում կամ պատրաստակամ են նշված զորամասերում հետագա ծառայություն իրականացնելու։
– Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կամ հորդոր ունեք սպաներին:
– Առաջին հերթին պատասխանատվության մեծ զգացում։ Յուրաքանչյուր սպա պետք է գիտակցի, որ ինքն իրականացնում է առաքելություն, այլ ոչ թե ծառայություն, պետք է իմանա, որ հենց իրենից է կախված իր ստորաբաժանման, զորամասի և զորամիավորման հետագա հաղթանակը, մեր պետականության հետագա ճակատագիրը։ Խորհուրդ եմ տալիս զբաղվել ինքնապատրաստությամբ, ունենալ գերազանց ֆիզիկական պատրաստվածություն։ Հավաստիացնում եմ բոլորին, որ գործին անմնացորդ նվիրված, բանիմաց, կամքի ուժ և հրամանատարական ձիրք ունեցող սպաները գտնվում են պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, հրամանատարության ուշադրության կենտրոնում և միայն նրանց համար է քննարկվելու առաջխաղացման, ավելի բարձր և պատասխանատու պաշտոնների նշանակման հարցերը։