
Մելբուռնում մարդ է զոհվել դանակով զինված տղամարդու հարձակման հետևանքով

Մելբուռնում մարդ է զոհվել դանակով զինված տղամարդու հարձակման հետեւանքով: Այդ մասին մամուլի ասուլիսում պատմել է Ավստրալիայի Վիկտորիայի նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Դեւիդ Քլեյթոնը: «Երեք մարդ դանակի վերքեր է ստացել: Ցավոք, նրանցից մեկը տեղում մահացել է: Մյուս երկուսը ներկայում գտնվում են հիվանդանոցում»,-ճշտել է նա:
ԶԼՄ-ների տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի ավտոմեքենա է բռնկվել Սուոնսթոն-սթրիթ փողոցում: Տեսադիտարկման խցիկների կադրերում երեւում է՝ ինչպես է տղամարդը, զենքը թափահարելով, նետվում ոստիկանության սպայի վրա: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակվողին բռնել են, ոստիկաններից մեկը կրակել է նրա կրծքին, այժմ տղամարդը օրհասական վիճակում գտնվում է հիվանդանոցում:
Քլեյթոնը հավելել է, որ «ահաբեկչության հետ միջադեպի կապը չի հաստատվել», այլ կասկածյալներ առայժմ չկան:
Ոստիկանությունը միջադեպի վայր է ժամանել այն մասին հաղորդումից հետո, որ ավտոմեքենան մխրճվել է առեւտրական շենքի մեջ ու բռնկվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: