Բաժիններ՝

Անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ հասակակցին դանակահարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս անչափահաս է։

2018թ. նոյեմբերի 5-ին «Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց»-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա երիտասարդ՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վնասվածք, ձախակողմյան պնևմոթորաքս, կրծքավանդակի ձախ կեսի էնֆիզեմա, արտաքին արյունահոսություն, ձախ հետույքային, պոչուկային շրջանների, աջ և ձախ ազդրերի դրսային մակերեսների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ: Անչափահասի հայրը հաղորդում է տվել այն մասին, որ որդուն դանակահարել են:

Դեպքի առթիվ 2018թ. նոյեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): 17-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

«Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ անչափահասը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ ցուցմունք տալ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը և առգրավվել:

Նախաքննությամբ իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, հարցաքննվել վկաներ, նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Քննությամբ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս անչափահաս է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս