«Արցախի հարցում «սյուրպրիզների» ի հայտ գալու դեպքում գործող իշխանությունը ծանր քաղաքական ճգնաժի առջև կարող է հայտնվել». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արցախի հարցում ներկա իշխանությունը լեգիտիմ չէ
Իշխանափոխությունը տեղի է ունեցել «Մերժիր Սերժին» կարգախոսով և ունեցել է համաժողովրդական աջակցություն։
Խորհրդարանական ընտրությունները քաղաքական դաշտի դեգրադացիայի պայմաններում է անցկացվում՝ նախատեսված ժամկետից շուտ, որի պատասխանատվությունը կրում է մեկ անձ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոստումների՝ ընտրությունները պետք է անցկացվեին երեք պայմաններ կատարելուց հետո․
-նոր Ընտրական օրենսգրքի փոփոխություն,
-կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում,
-անօրինական ունեցվածքի վերադարձի մեխանիզմների մշակում։
Երեք պայմաններն էլ չեն կատարվել։ Նոր խորհրդարանում, ըստ կանխատեսումների, ՔՊԿ-ն ունենալու է ճնշող մեծամասնություն։ Քաղաքացիներն այդ կուսակցության համար քվեարկելու են զուտ Նիկոլ Փաշինյանի հանդեպ հանրության մեծ հատվածի մոտ եղած վստահության համար։ Մի զգալի հատված էլ չի մասնակցելու ընտրություններին՝ իր համար ընդունելի թեկնածուներ չունենալու պատճառով։ Ցուցակում, ըստ նախնական տեղեկատվության, չկա որևէ անձ, բացի Նիկոլ Փաշինյանից, որն ունենա հանրային լայն վստահություն կամ քաղաքական խարիզմա։ Նոր խորհրդարանի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է լինելու, մնացածը պարզ չի, թե ովքեր են, ընդամենը Փաշինյանի փոխկապակցված անձինք են։ Արցախի հարցը «փոխկապակցված» անձանց կողմից քննարկվելիք ու որոշվելիք հարցը չի։ Նիկոլ Փաշինյանի ձախողման դեպքում այդ խորհրդարանը դառնալու է անպիտան, անիմաստ։ Այդ խորհրդարանի միակ առաքելությունը քաղաքական ու տնտեսական ռեֆորմներն են, այլ մանդատ եկող խորհրդարանը չի ունենալու։
Հիմա Արցախի հարցը քննարկենք։ Արցախի հարցում, բացի ընդհանուր, խուսափողական տեսակետներից, որոնց իմաստն այն է, որ հայ ժողովուրդն է այդ հարցի տերը, չի հնչել։ ՔՊ-ի ցուցակում որևէ անձ չկա, ով լայն հանրությանը հայտնի լինի Արցախի հարցում հանրային հնչեղություն ունեցող որևէ տեսակետով։ Նիկոլ Փաշինյանն էլ այդ հարցի «տերը» չի։ Նրա խարիզման կառուցվել է սոցիալական արդարության և օրինականության համար պայքարի գաղափարի վրա։
Մենք ունենալու ենք մի խորհրդարան, որն Արցախի հարցում հանրային լեգիտիմությունը չի ունենալու։ Այդ հարցը հանրային լայն տիրույթում է միայն քննարկվելու։ Արցախի հարցում «սյուրպրիզների» ի հայտ գալու դեպքում գործող իշխանությունը ծանր քաղաքական ճգնաժի առջև կարող է հայտնվել»: