«Մենք կարմիր գիծ ենք քաշել կոռուպցիայի և մեր միջև». Վալերի Օսիպյան
Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը կրկին ընդունեց ոստիկանության գործող, կադրերի ռեզերվում գտնվող և անձնական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու ցանկություն ունեցողներին։ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի ներկայությամբ նախ մանրակրկիտ ուսումնասիրեց յուրաքանչյուր ծառայողի անձնական գործը՝ ընդգծելով, որ խորհրդի մասնակցությամբ կոլեգիալ կարգով կայացված որոշումներն ավելի օբյեկտիվ են, ճիշտ ու թափանցիկ, և ինքն առաջնորդվում է այդ մոտեցմամբ։
Ընդունելության եկած ոստիկանության ծառայողների մեծ մասը խրախուսման կարգով առաջ էին քաշվել՝ զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճանով բարձր պաշտոններ զբաղեցնելու։ Նրանք աչքի են ընկել ծառայության նկատմամբ սրտացավությամբ և նվիրվածությամբ։ Վալերիյ Օսիպյանը և՛ նեղ մասնագիտական, և՛ այլ հարցեր տալով պարզեց՝ առաջ քաշվողներն ի վիճակի՞ են ստանձնել ավելի բարձր պատասխանատվությամբ և մասնագիտական գիտելիքների ավելի մեծ պաշար պահանջող պաշտոններ։ Նշանակումներից առաջ ոստիկանության պետը նրանցից պահանջեց ավելի արդյունավետ ծառայություն՝ շեշտը դնելով հասարակություն-ոստիկանություն օր օրի ամրապնդվող հարաբերությունների զարգացման վրա։
«Ես կաշկանդված չեմ որևէ մեկի ո՛չ հնարավորություններով, ո՛չ կարողությունով, ո՛չ էլ պաշտոնով, ուստի կոչումն ու պաշտոնեական դիրքը անձնական կամ խմբային շահերին ծառայեցնող ոստիկանը հրաժեշտ կտա համակարգին»,- նախազգուշացրեց Վալերիյ Օսիպյանն ու ստորագրեց հրամանները։
Ոստիկանության պետն առավել հանգամանալից ուսումնասիրեց կադրերի ռեզերվում գտնվող ծառայողների անձնական գործերը՝ նրանցից հավելյալ տեղեկանալով ռեզերվում հայտնվելու պատճառների մասին։ Համոզվելով, որ նրանց հայտնածի և անձնական գործերում առկա տեղեկատվության միջև հակասություն չկա, և նրանք կադրերի ռեզերվում են գրանցվել անձնական ամենատարբեր պատճառներով, որոնց լուծման կապակցությամբ էլ ցանկանում են վերականգնվել, ոստիկանության պետը ստորագրեց հրամանները։
«Մենք կարմիր գիծ ենք քաշել կոռուպցիայի և մեր միջև, ով անգամ մեկ լումա քաղաքացուց վերցնելով՝ ապօրինություն կգործի, ոչ միայն կհեռացվի համակարգից, այլև օրենքի տառին համապատասխան պատասխանատվության կենթարկվի»,- մերօրյա ոստիկանության գործունեության կարևորագույն սկզբունքը վերականգնվողներին հիշեցրեց Վալերիյ Օսիպյանը։ Ի դեպ, նոյեմբերի 3-ին ընդունելության էր եկել նաև այլ իրավապահ մարմնի նախկին ծառայող, որը սեփական նախաձեռնությամբ ազատվել էր աշխատանքից և ցանկանում էր ծառայել ոստիկանությունում։ Նրա հրամանը ոստիկանության պետը ևս ստորագրեց՝ անհրաժեշտ ցուցումներ ու հրահանգներ տալուց հետո՝ փոխարենը ակնկալելով միայն նվիրված ու սրտացավ աշխատանք։
Վալերիյ Օսիպյանն ընդունեց նաև ոստիկանությունում ծառայությունից ազատվել ցանկացողներին աշխատակիցներին՝ պատճառներին անձամբ ծանոթանալու։ Տեղում վերլուծելով պատճառները, որոնք չենք հրապարակում՝ պայմանավորված դրանց անձնական բնույթով, ոստիկանության պետն առաջարկեց լուծումներ։ Առաջարկված լուծումները համատեղելի էին նրանց կենցաղի և ընտանեկան դրության հետ, ուստի ծառայությունից ազատվելու ցանկությամբ ոստիկանները, Վալերիյ Օսիպյանին շնորհակալություն հայտնելով սրտացավության համար, փոխեցին իրենց որոշումները՝ հավաստիացնելով, որ կմնան ու կշարունակեն ծառայությունը։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանությունից ազատվելու ցանկություն ունեցողները ոստիկանության պետին հանդիպելուց հետո փոխում են որոշումը։
Ընդունելության ավարտին Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներին ներկա գտնվելու և իրենց խորհուրդներով աջակցելու համար՝ հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքը ավելի արդյունավետ է դառնալու։
https://www.youtube.com/watch?v=MjPt62h2QhQ