Նիկոլյա Մատյոն դարձավ Գոնկուրյան մրցանակի դափնեկիր
Ֆրանսիացի գրող Նիկոլյա Մատյոն դարձել Ֆրանսիայի գլխավոր գրական պարգեւի՝ Գոնկուրյան մրցանակի դափնեկիր: Այդ որոշումը նոյեմբերի 7-ին ընդունել է Գոնկուրյան ակադեմիան՝ 2018 թվականի լավագույն ֆրանսալեզու գրական ստեղծագործություն ընտրելով «Երեխաներն իրենցից հետո» գիրքը։
Գիրքը պատմում է Անտոնի անունով դեռահասի եւ 1992 թվականի ամռան մասին, երբ պատանին 14 տարեկան էր: Գրքի էջերում առաջին սիրո ապրումներն են եւ այն իրադարձությունները, որոնք կանխորոշում են հետագա կյանքը: Մատյոյի վեպը հրապարակել է Actes Sud հրատարակությունը: Մրցանակի արդյունքների հայտարարման հեռարձակումն ուղիղ եթերում իրականացրել է BFMTV ալիքը: Գոնկուրյան մրցանակը Ֆրանսիայում հանձնվում է ամեն տարի՝ սկսած 1903 թվականից:
Այն հնագույն եւ ամենահեղինակավոր պարգեւներից մեկն է ֆրանսերեն լեզվով գրող հեղինակների համար: Նրա դափնեկիրների թվում են՝ Մարսել Պրուստը, Անրի Թրուայան, Մորիս Դրյուոնը, Միշել Ուելբեկը եւ Պատրիկ Մոդիանոն: Թեկնածուն որոշվում է «Դրուան» ռեստորանում հատուկ հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում՝ տասը գրողների ու քննադատների՝ Գոնկուրյան ակադեմիայի անդամների կողմից:
Մրցանակի կանոնադրության համաձայն, այն հեղինակին կարող է շնորհվել կյանքում միայն մեկ անգամ: Մրցանակի դրամական բաղադրիչը խորհրդանշական բնույթ է կրում. դափնեկրին հանձնվում է ընդամենը 10 եվրոյի չեկ: Սակայն, ինչպես վկայում է վիճակագրությունը, Գոնկուրյան մրցանակն զգալիորեն նպաստում է պարգեւատրված ստեղծագործության առեւտրային հաջողությանը. վաճառքներն ավելանում են 5-10 անգամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: