Բաժիններ՝

Ռեկորդային թվով կանայք են ընտրվել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում

Ռեկորդային թվով կանայք են ընտրվել Միացյալ Նահանգների Կոնգրեսի ստորին պալատում: Այդ մասին հայտնել է USA Today թերթը:

Նշվում է, որ արդեն հյուսիսամերիկյան արեւելյան ժամանակով ժամը 01:00-ի (Երեւանի ժամանակով ժամը 10:00) դրությամբ այն կանանց թիվը, որոնք երաշխավորված տեղեր են ստացել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում, կազմել է 90, ինչը գերազանցել է նախորդ ռեկորդը (84 մարդ): Ընդ որում՝ ստորին պալատում արդեն տեղեր ստացած կանանցից 78-ը ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամներ են:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընտրությունների վերջնական արդյունքները դեռեւս չկան: Վերջին տվյալների համաձայն, կին քաղաքական գործիչները նաեւ տասը տեղ են ստացել Սենատում: Բացի այդ, առնվազն ութ կին հաղթանակ է տարել նահանգապետների ընտրություններում:

Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ միջանկյալ ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների պալատում առաջին անգամ մուսուլման կանայք են ընտրվել:

Բացի այդ, 29-ամյա կին դեմոկրատ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը դարձել Է ԱՄՆ-ի Կոնգրեսում երբեւիցե ընտրված կանանցից ամենաերիտասարդը: Միեւնույն ժամանակ Այաննա Փրեսլին դարձել է առաջին աֆրոամերիկուհին, որին Կոնգրեսում ընտրել են Մասաչուսեթսի նահանգից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս