Արարատի մարզպետը չի վախենում Գրիգորյան եղբայրների, Հովիկ Աբրահամյանի, Ալիկ Սարգսյանի ռեյտինգներից
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ տոկոսների անալիզ չի արել, ակնկալիքը ազատ-արդար ընտրություններն են, որպեսզի ժողովրդի կամքն արտահայտվի քվեախցիկում:
Հարցին՝ ինչպե՞ս է պատրաստվում պայքարել, երբ Արարատի մարզում բավականին ամուր դիրքերում են Գրիգորյան եղբայրները, Հովիկ Աբրահամյանը, Ալիկ Սարգսյանը, ներկայիս իշխանության նախկին թիմակից Արամ Սարգսյանը, հատկապես՝ իր հետ կապված վերջերս բավական դժգոհություններ են եղել, Գ.Սարգսյանը պատասխանեց.
«Ոչինչ մեզ չի խանգարելու, չի կաշկանդելու ոչ մեկի ռեյտինգը: Ասեմ ավելին, այս ընտրությունները ցույց կտան, թե ով ինչ ռեյտինգ ունի: Նախկինում ընտրություններն անցել են վախի մթնոլորտում, համատարած կաշառք է բաժանվել, ու այդ պայմաններում ռեկորդակիր պատգամավոր ենք ունեցել»:
Սարգսյանը կոչ արեց այդ մարդկանց նոր իրողությունների պայմաններում ցույց տալ` որքա՞ն է իրենց վարկանիշը, թե՞ դա «ուղղակի փուչիկ է»:
Գ.Սարգսյանը հերքեց, որ ՔՊ-ում բոլորի հույսը վարչապետի վարկանիշն է. «Ոչ: Բոլորիս հույսը մեր աշխատանքն է, մեր քարոզարշավն է: Բոլորս էլ մեր մասով օգնելու ենք մեր դաշինքին, անելու ենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի լավ արդյունք գրանցենք»: