Զամիրա Հաջիևայի գործը. Ձերբակալված է ադրբեջանցի բանկիրի՝ Harrods-ում 16 մլն եվրո ծախսած կինը
Լոնդոնյան դատարանը ձերբակալել է նախկին ադրբեջանցի բանկիրի կնոջը՝ նրա հարստության աղբյուրների հետաքննության գործի շրջանակներում։ Միայն լոնդոնյան Harrods-ում 16 մլն եվրո ծախսած կնոջն արտահանձնում է սպառնում։ Այս մասին հայտնում է bbc.com-ը։
Հաջիևան նախորդ շաբաթ լոնդոնյան ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Ադրբեջանի իշխանությունների հարցումների հիման վրա։ Նրան մեղադրանք է առաջադրվել միջոցների անօրինական յուրացման համար։
Մեղադրական կողմը պնդել է Հաջիևայի ձերբակալությունը՝ մտավախություն ունենալով, որ նա կարող է լքել երկիրը։ Պաշտպանական կողմը խնդրել է կնոջն ազատ արձակել ու տնային կալանք նշանակել՝ մատնանշելով, որ նա չի պատրաստվում մեկնել Բրիտանիայից, ուր գտնվում են նրա երեխաները։
Դատավորը համաձայնել է 55-ամյա Հաջիևային 500 000 ֆունտ ստեռլինգ գրավով ազատ արձակել՝ թույլատրելով կալանքը կրել Նայթսբրիջում գտնվող իր տանը։ Սակայն այս որոշումը բողոքարկվել է մեղադրող կողմից, և Հաջիևան ներկայումս մնում է ձերբակալված։
Հիշեցնենք, որ Հաջիևան 2016թ. փողերի մսխման ու խարդախության մեղադրանքով 15 տարով ազատազրկված Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևի կինն է։
Հոկտեմբերի սկզբին Հաջիևան դարձավ առաջին օտարերկրուհին, որի հարստության աղբյուրներով սկսեցին հետաքրքրվել բրիտանական իրավապահ մարմինները։
Կինն այդ ուշադրությանն արժանացել էր իր շքեղ կենսակերպով։ Մասնավորապես, բրիտանական իշխանությունները պահանջում են, որ Հաջիևան բացատրի, թե որտեղից նրան 22 մլն ֆունտ գումար Լոնդոնում անշարժ գույք ձեռք բերելու համար։
Բացի դրանից, ինչպես վկայում են դատարանի փաստաթղթերը, Հաջիևան թռչում էր բիզնես-ջեթերով, իսկ վերջին 10 տարիներին լոնդոնյան հանրահայտ Harrods հանրախանութում ծախսել է շուրջ 16 մլն ֆունտ ստեռլինգ գումար, որն օրական 4 000 ֆունտից ավելի գումար է։
Նոյեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ բիտանացի իրավապահները կալանք են դրել Հաջիևայի ոսկյա զարդերի վրա, որոնց արժեքը, ըստ Chrisitie’s աճուրդի տան գնահատականների, գերազանցել է 400 000 ֆունտը։
Պատրաստեց 168.am-ը