Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն այցելել է Հայաստան։ Նոյեմբերի 7-16-ը` նա կգնահատի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի իրականացումը:

«Հայաստանը խաղաղ ժողովրդավարական անցման ուղիով է ընթանում.  այն հսկայական     ներուժ  է պարունակում   մարդու իրավունքների,  հատկապես խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի   համապարփակ    պաշտպանության  և ամրապնդման ուղղությամբ , ինչպես նաև  օրենքի գերակայության առումով՝ ժողովրդավարական ձեռքբերումներից և տնտեսական զարգացումից օգտվելու համար», – ասել է մարդու իրավունքների անկախ փորձագետը:

«Այս այցը հնարավորություն կընձեռի ինձ ուսումնասիրելու Հայաստանում խաղաղ հավաքների և միություններ կազմելու ազատությանն առնչվող խնդիրները՝  ներգրավված տարբեր դերակատարներից անմիջականորեն ստացված   տեղեկատվության միջոցով»:

Իր 10-օրյա առաքելության ընթացքում Վուլեն կայցելի Գյումրի, Վանաձոր, Վայք և Երևան, կհանդիպի կառավարության աշխատակիցների, դատական համակարգի, օրենսդիր համակարգի ներկայացուցիչների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Նա կհանդիպի նաև դիվանագիտական կորպուսի, ՄԱԿ-ի համակարգի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հատուկ զեկուցողի  մամուլի ասուլիսը կկայանա  նոյեմբերի 16-ին ժամը 11:30-ին, ՄԱԿ–ի գրասենյակում՝ Երևան, Պետրոս Ադամյան 14 հասցեում: Ասուլիսի մուտքն ազատ կլինի միայն լրագրողների համար:

Հատուկ զեկուցողը  իր այցի մասին համապարփակ զեկույց կներկայացնի 2019 թ. հունիսին Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին :

Տեսանյութեր

Լրահոս