Բաժիններ՝

Գյուղնախարարության «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ն կլուծարվի

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում:  

«Ագրոսպասարկում» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: ՀՀ կառավարության 2010 թ. ապրիլի 29-ի որոշմամբ ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

Ըստ կանոնադրության՝ ընկերության գործունեության հիմնական տեսակն է եղել գյուղատնտեսական արտադրատեխ­նիկական սպասարկման կոորդինացումը և համակարգումը:

Ընկերությունն ունի 819,0 հազ. դրամ դեբիտորական պարտք, որն առաջացել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 65ա հասցեում գտնվող ընկերության շենքի 2-րդ հարկից 52,9 քառ. մետր տարածքը վարձակալության հանձնելու հետևանքով: Գումարը ստանալու նպատակով հայցադիմում է ներկայացվել դատարան:

Ընկերության կրեդիտորական պարտավորությունները կազմում են 2310,8 հազ. դրամ, որից գույքահարկի գծով՝ 2219.8 հազ. դրամ և 91.0 հազ. Դրամ՝ աշխատավարձի գծով:

«Հաշվի առնելով այն, որ ընկերությունը երկար տարիներ գործունեություն չի ծավալում, զարգացման հեռանկարներ չունի, բացի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարից ու հաշվապահից այլ աշխատողներ չունի և այն, որ օրեցօր ավելանում են ընկերության պարտավորությունները, առաջարկվում է ընկերությունը լուծարել»,- ասված է հիմնավորման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս