«Թուրքիայից 35 հազար տոննա լոլիկ է ներկրվել և իրացվել հայկական շուկայում». Հրաչ Բերբերյան

«Մեր տնտեսությունում շատ հետաքրքիր բան է կատարվում. այս տարի 35 հազար տոննա թուրքական լոլիկ է հայտնվել շուկայում։ Ռուսականի անվան տակ է մտել, թե ինչի տակ, բայց միանշանակ թուրքական լոլիկ էր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Դիտարկմանը՝ լոլիկի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ տեղի արտադրողներն ի վիճակի չեն պահանջարկը բավարարել, ու վերամշակող ընկերությունները ստիպված են եղել լոլիկ ներկրել Վրաստանից կամ այլ երկրներից, Բերբերյանն այսպես արձագանքեց.

«Վարչապետի օգնականները ոնց որ միտումնավոր նրան թյուրիմացության մեջ գցեն, անընդհատ շեղում են իրական վիճակից։ Ոչ մի նորմալ վերամշակող Թուրքիայից լոլիկ չի ներկրի Հայաստան, որ հետո տոմատի մածուկ պատրաստի, որովհետև այդ դեպքում տոմատի մածուկի 1 տոննայի ինքնարժեքը կդառնա 4-5 հազար դոլար, իսկ իտալական շուկայում 1 տոննա լոլիկի մածուկն արժե 1800-2000 դոլար։ Այսինքն՝ անմիտ գործունեություն է։ Այդ լոլիկը ներկրվել է թարմ վաճառելու համար, իսկ տոմատի մածուկն առանձին են ձեռք բերում, այստեղ ուղղակի փաթեթավորում են»։

Բերբերյանի խոսքով՝ եթե Հայաստանը ճիշտ ագրարային քաղաքականություն վարի, ի վիճակի կլինի մինչև 30 հազար տոննա տոմատի մածուկ արտադրել տեղական լոլիկով. «Արարատի մարզում կարծես թե սայլը տեղից շարժվեց, և իր խորհրդականներին ու նախարարներին չլսելով՝ վարչապետը բացահայտեց, որ մորմազգի ցեցի պատճառով լոլիկ չեն մշակում։ Մենք 7 տարի այդ մասին խոսում ենք, բայց համառորեն չեն պայքարում մորմազգի ցեցի դեմ, որովհետև ջերմոցատերերին դա ձեռնտու է, որ դաշտի լոլիկ չլինի Հայաստանում»։

Ագրարագյուղացիական միավորման նախագահի խոսքով՝ ջերմոցում մորմազգի ցեցի դեմ պայքարելը հեշտ է, որովհետև փակ տարածք է, իսկ բաց գրունտում բարդ է. «Ջերմոցների տերերն այնքան հզոր մարդիկ են, որ կարող են Գյուղատնտեսության նախարարությանն այդ վիճակին հասցնել։ Այս ոլորտում էլ մենաշնորհ կա.  մի քանի հոգի են հզորները, դրա համար բաց գրունտում լոլիկ չունենք։ Տարին 12 ամիս ջերմոցից լոլիկ են վաճառում, որն էլ չի հերիքում, Թուրքիայից են բերում, բայց Ռուսաստանի պիտակներով»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս