Հայաստանը ՄԻԵԴ կգործուղի Վահե Դեմիրճյանին
ՀՀ կառավարության որոշմամբ 2019 թվականի հունվարի 1-ից Վահե Դեմիրճյանը մեկ տարի ժամկետով կգործուղվի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման, 2019թ. ընթացքում սպասվող և քաղաքական շարժառիթներով պայմանավորված՝ բարդություն ներկայացնող վճիռների կատարման գործընթացի առավել ակտիվ շրջան թևակոխելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ կայացված բոլոր վճիռների արդյունավետ կատարումն ապահովելու համատեքստում մեծապես կարևորվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից գործուղված իրավաբանի ներկայությունը ԵԽ համակարգում և հատկապես ԵԽ քարտուղարության վճիռների կատարման վարչությունում։
«Առաջին հերթին խոսքն, իհարկե, «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճռի մասին է, որի շուրջ երկրորդ բանավեճը հնարավոր է ընդգրկվի ընթացիկ տարվա դեկտեմբերին կամ հաջորդ տարվա մարտին կայանալիք Նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով նիստի օրակարգում։ Միաժամանակ, առկա է իրական հնարավորություն, որ տարվա ընթացքում դատարանը վճիռներ կկայացնի քաղաքական նշանակություն ունեցող մի շարք այլ գանգատներով»,- նշված է հիմնավորման մեջ։
Հատուկ պայմանավորվածությամբ 2012թ.-ից ԵԽ վճիռների կատարման վարչություն էր գործուղվել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ Վահե Դեմիրճյանը։ Այս պարագայում գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվել են ԵԽ կողմից։
Վ. Դեմիրճյանի գործուղումը դրական է գնահատվել ԵԽ քարտուղարության կողմից, և բացառության կարգով ԵԽ քարտուղարությունը բազմիցս խնդրել է այն երկարաձգել։ Ներկայումս ԵԽ բյուջեում միջոցների անբավարարության պատճառով քարտուղարությունն այլևս հնարավորություն չունի երկարաձգել գործուղումը նույն պայմաններով։ Միաժամանակ, ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել գործուղումը Հայաստանից ֆինանսավորման պարագայում։
Վ. Դեմիրճյանի գործուղման ընթացքում՝ 2012 թ.-ից առ այսօր, ԵԽ Նախարարների կոմիտեն փակել է ՀՀ դեմ կայացված մոտ 50 վճռի կատարման գործընթաց, այն պարագայում, երբ մինչև 2012թ. փակվել էր ընդամենը 5 վճռի կատարման գործընթաց: Նշված արդյունքն ապահովվել է Վ. Դեմիրճյանի և ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ լիազոր ներկայացուցչի գրասենյակի, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և այլ պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ: Արդյունքում, ներկայումս Հայաստանը դասվում է վճիռների կատարման առումով բարվոք վիճակում գտնվող երկրների շարքում, ինչը դրական ազդեցություն է թողնում նաև պետության վարկանիշի վրա: