«Մի քանի միլիոն դրամի եկամտահարկը միզեռ է այն ամենի համեմատ, որ կարող է տալ առողջ մարդը». Արա Բաբլոյան
Այսօր Աժ մշտական հանձնաժողովներում 2019 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հետաքրքրվեց ստոմատոլոգիական ծառայությունների ֆինանսավորման մասին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է միջոցների հետագա ավելացում, քանի որ կարիքավորները շատ են:
Նա նշեց, որ նախորդ տարիներին այս ոլորտի ֆինանսավորումը 200 մլն դրամից ավելի կրճատվել էր, բայց հաջորդ տարվա համար նախատեսվել է 507 մլն, որը նախորդից 100 մլն ավելի է:
«Աճ ենք նախատեսել, որովհետև նշանակմանս օրվանից շատ լսել ենք, որ այդ կրճատումը էական վատթարացրել է վիճակը: Հետագայում նույնպես կլինի ֆինանսավորման վերանայում դեպի վերև»,- պատասխանեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
Ըստ նրա՝ այս ավելացումն ուղղվելու է նախորդ տարվա ընթացքում չսպասարկվող անձանց սպասարկմանը, որ բյուջեի վերջանալու պատճառով մարդիկ հերթագրվում էին հաջորդ տարվա համար և փչացած ատամներով սպասում էին:
Ա.Բաբլոյանը նկատեց, որ այնքան էլ այդպես չէ, թե բժիշկները շահագրգռված են, որ մարդիկ շատ հիվանդանան, այլ շատերը շահագրգիռ են մարդկանց առողջությունը պահպանելու հարցում. «Բարեբախտաբար մեր նախարարը հանրային առողջապահության ներկայացուցիչ է, որ համապարփակ պատկերացնում է առողջությունը պահպանելու կարևորությունը և ապա առողջ պահելով բուժելը»:
Ա.Բաբլոյանը նշեց, որ մինչև 2010 թ. առողջապահության ապահովագրության ծավալը մի քանի միլիոն է եղել, դրանից հետո տաս կամ քսան անգամ ավելացել է, և միլիարդներով է գնահատվում:
Այդ ժամանակ, ըստ նրա, ընդունվել է մի օրենք, որով արտոնություն է տրվել ու եկամտահարկից ազատվել է այն գումարը՝ մինչև 10 հազար դրամ, որը գործատուն կուղղի իր աշխատակցի առողջության ապահովագրությանը:
Բաբլոյանը հիշեց, որ այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ քննարկում է եղել և Սարգսյանն ասել է. «Պարոն Բաբլոյան, դուք ուզում եք մտնել պետության բյուջեի գրպանը: Ես ասացի՝ ոչ, գրպանը չէ, այլ, կներեք, պիստոնչիկը, որ դատարկ է, որովհետև մի քանի միլիոն դրամի եկամտահարկը միզեռ է այն ամենի համեմատ, որ կարող է տալ առողջ մարդը: Համաձայնության ենք եկել և օրենքն ընդունել ու արդյունքում ապահովագրությունն աճել է: Չպետք է մտահոգվել, որ կան դժվարություններ: Մեր քաղաքացիների առողջությունն ամենամեծ երաշխիքն է մեր տնտեսության զարգացման համար: Եթե մենք մեր հիմնական գործիքը չենք ուզում սարքին պահենք՝ առողջ պահենք քաղաքացուն, մենք չենք կարող ունենալ զարգացող տնտեսություն»:
Ա.Թորոսյանը նշեց, որ քննարկվում են տարբեր լուծումներ, երբ ապահովագրության հայեցակարգը լինի, անդրադարձ կարող է լինել նաև հարկային գործիքներին: