
Դեմոկրատները կարող են 238 տեղ ստանալ Ներկայացուցիչների պալատում. CNN

Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կարող են ստանալ 238 տեղ, իսկ հանրապետականները՝ 197: Այս կանխատեսմամբ հանդես է եկել CNN հեռուստաալիքը՝ նշելով, որ թվային գերակշռությունը դեմոկրատների համար կարող է ապահովել Կալիֆոռնիան, որտեղից Ներկայացուցիչների պալատում 53 կոնգրեսական է ընտրվում:
Այն դեպքում, եթե այս կանխատեսումները հաստատվեն, դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կզբաղեցնեն խոսնակի պաշտոնն, ինչպես նաեւ կգլխավորեն բոլոր կոմիտեները:
Ըստ որում CNN-ի, NBC-ի եւ Fox News-ի կանխատեսումների տվյալներով՝ Հանրապետական կուսակցությունը պահպանել է մեծամասնությունն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում: CNN հեռուստաալիքի տվյալներով՝ այդ կուսակցությունից սենատոր Թեդ Քրուզը հաղթանակ է տարել Տեխասի նահանգում, ինչը հանրապետականների համար երաշխավորել է Սենատի նկատմամբ վերահսկողությունը:
Հեռուստաալիքը ճշտում է, որ Թենեսիում, Ինդիանայում եւ Հյուսիսային Դակոտայում քվեարկության արդյունքների հայտարարվելուց հետո, որտեղ հաղթել են հանրապետականների թեկնածուները, Դեմոկրատական կուսակցությունը կորցրել է Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու շանսերը:
Ստույգ տվյալներ այն տեղերի քանակի մասին, որոնք յուրաքանչյուր կուսակցություն կունենա Սենատում, առայժմ չեն բերվում, քանի որ որոշ նահանգներում շարունակվում է ձայների հաշվարկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: