Բաժիններ՝

Համաներման պերճանքն ու թշվառությունը

Եվ այսպես, ՀՀ նախագահը ստորագրեց Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքը, և այն այսօրվանից ուժի մեջ կմտնի, ու  քրեակատարողական հիմնարկներում պահվող թվով 2892 անձանցից (1057 կալանավոր և 1835 դատապարտյալ) պատժի հետագա կրումից անմիջապես կազատվի շուրջ 469-ը, իսկ շուրջ 366 անձի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նախատեսված պատժաչափը կկրճատվի համապատասխան չափով:

Ընդհանուր առմամբ քրեակատարողական հիմնարկում պահվող 1835 դատապարտյալներից շուրջ 835-ի նկատմամբ, փաստորեն, կկիրառվի համաներում, ինչը կկազմի դատապարտյալների ընդհանուր թվի շուրջ 45.5%-ը։

Պրոբացիայի շուրջ 3800 շահառուներից շուրջ 2700 անձի նկատմամբ նույնպես կկիրառվի համաներում՝ ազատելով նրանց պատժից կամ դադարեցնելով նրանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը: Ընդհանուր առմամբ, պրոբացիայի շահառուների 71%-ի նկատմամբ կկիրառվի համաներում։

Վարույթն իրականացնող մարմնի վարույթում գտնվող գործերով անցնող շուրջ 3000 անձի նկատմամբ նույնպես կկիրառվի համաներում:

Համաներումն այլևս իրողություն է, և հասարակության մի ստվար հատված գոհ է բնականաբար։

Բայց եկեք մի պահ դուրս գանք «մարդասիրական ակտ», «բարի կամքի դրսևորում», «աննախադեպ իրադարձություն» պաթետիկ ձևակերպումների գայթակղիչ լուսապսակի շրջանակներից ու բաց աչքերով նայենք իրականությանը։

Քրեական հետապնդման ենթարկված բավականին լուրջ թվով անձինք վերադառնում են հասարակություն՝ դառնալու նրա լիիրավ անդամը։ Այդ թիվն իսկապես շատ մեծ է դառնում, երբ դրան ավելացնում ես վերջին 4-5 ամիսներին խափանման միջոցի փոփոխության ու պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի, հիրավի, աննախադեպ կիրառման արդյունքում՝ ազատության մեջ հայտնվածներին։

Հասկանալի է՝ կողմ ենք, եթե մարդը քրեակատարողական հիմնարկում պատշաճ վարք է դրսևորել, և նրա ուղղման ու վերասոցիալականացման գործընթացն առավել արդյունավետ կլինի, եթե նա իր ընտանիքի հետ լինի։

Բայց արդյո՞ք կան երաշխիքներ, որ հանկարծ ազատության մեջ հայտնվածներից  բոլորն են պատրաստ ազատության, արդյո՞ք պետությունը պատրաստ է նրանց բոլորի նկատմամբ կատարել իր պոզիտիվ պարտականությունը, այն է՝ լուծել զբաղվածության հարցը, որն ինքնին նաև սոցիալական երաշխիք է, արդյո՞ք մեր իրավապահ մարմինները բավարար մարդկային և աշխատանքային ռեսուրսներ ունեն համաներման շահառուներին պատշաճ հսկողության ներքո պահելու համար, թե՞ հասարակությունն ինքը պետք է իր գլխի ճարը տեսնի։

Երբ Ազգային ժողովում քննարկվում էր համաներման մասին օրենքը, նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց, որ միջազգային փորձն էլ հավաստում է, որ համաներման ակտի կիրառումից հետո բոլոր երկրներում էլ ավելանում է հանցավորության մակարդակը, և, բնականաբար, հաշվի առնելով նաև մեր պետության ու մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական պայմանները, մեր երկիրը ևս բացառություն չի կազմելու։

Արդյո՞ք այս գովերգված «աննախադեպ» թիվը հետագայում մեր երկրի իրավապահ մարմինների վրա անհամարժեք բեռ չի դառնալու, քանի որ առջևում ձմեռ է, իսկ հանցավորության մակարդակը, առանց համաներման ու տարատեսակ խրախուսանքի միջոցների կիրառման էլ՝ ձմռան ամիսներին ու հատկապես՝ Ամանորին ընդառաջ, ավանդաբար բարձրանում է։

Չցանկանալով հոռետես լինել, բայց մեծ ցանկություն կա, որպեսզի հետագայում, երբ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այլևս նախարար չլինի, նույնքան հպարտորեն ու պարզ ճակատով բոլոր առիթներով հայտարարի, որ քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման խնդիրն ինքն է լուծել։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս