«Ամեն ինչ փորձում են վերածել «սևի» և «սպիտակի»՝ այս իրավիճակին բավականին նպաստում է ՀՀԿ-ի ներկայությունը». Վարդան Խաչատրյան

ԱԺ նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում չի լինելու այն, ինչն իրականում հասարակական դաշտում ուժերի հարաբերակցությունն է, քանի որ ընտրություններին բոլոր ուժերը գնալու են հին Ընտրական օրենսգրքով։

«Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ օրենքը, որպես այդպիսին, հարմարեցված է եղել այն իրավիճակին և ժամանակին, երբ ուժերի հարաբերակցությունն այսպիսին չի եղել։ Որակական անցման արդյունքում օրենքի բացարձակ նույն մնալը բավականին լուրջ մարտահրավեր է լինելու հնարավոր ժողովրդավարական զարգացման համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց Վ. Խաչատրյանը։
Ըստ նրա,  ներկայիս իշխանություններին ձեռնտու չէ ընտրություներին գնալ հին Ընտրական օրենսգրքով, քանի որ այդ դեպքում ամբողջ ընտրությունը մնալու է մեկ դեմքի վրա։

«Այս դեպքում նկատի ունեմ հեռատես իշխանությանը, որը պետք է պատկերացում ունենա և ձևավորի այնպիսի խորհրդարան, որն ի վիճակի կլինի, որպես դաշտ, սպասարկելու ինչպես՝ ներքին քաղաքականության անկախությունը, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության ճկունությունը։ Փաստացի այսպիսի դաշտ չի ձևավորվելու, և ընտրություններն ընթանալու են՝ որպես հասարակությունից մանդատ ստացած անձի յուրօրինակ քարոզարշավ։ Կամայական և հեռատես իշխանությունը պետք է կամք ունենա կատարելու այնպիսի փոփոխություններ, որպեսզի երկրում լինի օբյեկտիվ իշխանություն»,- ասաց Վարդան Խաչատրյանը և նկատեց, որ իշխանությունն այսօր գնում է նրան, որ ժողովրդի մեջ կրկին ձևավորի այն պատկերացումը, որ առաջիկա ընտրությունները լինելու են եզակի։

Նրա բնորոշմամբ՝ Հայաստանում որքան նվազել է բնակչության թիվը, այնքանով ավելացել է ընտրողների քանակը, և այս տեսանկյունից, ըստ նրա, ձևավորվել է զարմանալի դինամիկա, որը կոնկրետ գործողությունների հետևանք է, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի.

«Այս տեսանկյունից ոչինչ չի փոխվել և այս կարճ ժամանակահատվածում իշխանությունն չի կարողացել որևէ փոփոխություն իրականացնել»,- շեշտեց Վարդան Խաչատրյանը։
Նախկին պատգամավորը ձեռնպահ մնաց մեկնաբանել՝ արդյո՞ք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող ուժը կհավաքի այնքան քվե, որքան Երևանի ավագանու ընտրություններում։

«Ամեն ինչ փորձում են վերածել «սևի» և «սպիտակի», այս իրավիճակին բավականին նպաստում է ՀՀԿ-ի ներկայությունը։ Մյուս ուժերը, որոնք կարող էին հայտ ներկայացնել իրենց մասին, գոնե հայտնեին հասարակությանն այս գերկենտրոնացված շրջանում՝ զուրկ են լինելու։ Այլ հարց է, թե ինչպես է լինելու հետագան»,- նշեց Վ. Խաչատրյանը և ընդգծեց, որ այս ընտրություններում բոլոր գործարարների բերած ձայները ծառայելու են հենց իրենց շահին: Այսինքն՝ ամեն ինչ կախված է լինելու այն պայմանավորվածություններից, որոնք նրանք ձեռք կբերեն այս կամ այն ուժի հետ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս