Բաժիններ՝

Իրանում բողոքի զանգավածային ցույցեր են անցկացվում ամերիկյան պատժամիջոցների դեմ

Հազարավոր իրանցիներ են դուրս եկել երկրի քաղաքների փողոցներ՝ մասնակցելու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների դեմ ուղղված կառավարամետ հանրահավաքներին:

Նրանք վանկարկում են «Մահ Ամերիկային»: Այդ մասին հայտնել է Sky News-ը: Ցուցարարներն այրել են «Սեմ քեռու» պատկերները եւ նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարները:

Իրանի պետական լրատվամիջոցները պնդում են, որ բողոքի զանգավածային ցույցերին ամբողջ երկրում մասնակցել են միլիոնավոր մարդիկ: Նոյեմբերի 4-ի հանրահավաքներն անցկացվել են Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավման տարեդարձի օրը, որը տեղի է ունեցել 1979 թվականին: Այդ իրադարձությունները երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման եւ ամերիկյան պատժամիջոցների սահմանման պատճառ դարձան:

Թեհրանում բողոքի ակցիաները տեղի են ունեցել ԱՄՆ-ի նախկին դեսպանության շենքի մոտ, որտեղ այժմ տեղավորված է «լրտեսության թանգարանը»: Ցուցարարները բացականչում էին ինչպես հակաամերիկյան, այնպես էլ հակաիսրայելական կարգախոսներ:

Նոր սահմանափակումները, որոնք պետք է ուժի մեջ մտնեն նոյեմբերի 5-ին, վերաբերում են Իրանի նավթային ու բանկային սեկտորներին: Թրամփը պատժամիջոցների սահմանումը համարում է Թեհրանի միջուկային ծրագիրը կանգնեցնելու փորձ: Իրանի իշխանություններն ի պատասխան հայտարարել են, որ Իրանը մտադիր է հաղթել այս հոգեբանական պատերազմում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս