Հայտնի է Արագածոտնի մարզում ողբերգական վթարից մահացածի և տուժածների ինքնությունը
Նոյեմբերի 4-ին` ժամը 16:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից դեպի Սասունիկ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Է. Պ., ծնված 1997 թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ս. Ա., ծնված 1987 թ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ս. (ծնված 1985 թ.) և Ծ. (ծնված 1957 թ.) Հ.-երն, «Mercedes C180» ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Կ. Խ.-ն (ծնված 2000 թ.) և Ս. Դ.-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ: Բժիշկները Ս. և Ծ. Հ.-երի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: