Ընտրական օրենսգիրք, ժողովրդի իշխանություն, հեղափոխություն
Ընտրական նոր օրենսգրքի հետ կապված իրավիճակը բավականին քննադատվեց (փաստարկները հայտնի են, այստեղ չենք կրկնի): Սակայն այդ քննադատությունն արդարացի կարող է լինել, մեր կարծիքով՝ միայն իրավիճակային, բայց ոչ սկզբունքային տեսակետից: Իսկ սկզբունքային տեսակետից ավելի քննադատելի են հենց փոփոխությունները, որոնք առաջարկվում էին, ու, թերևս, եթե մի կողմ թողնենք անցողիկ իրավիճակայինը, ապա հեռանկարի տեսակետից ավելի դրական է այս փոփոխությունների չանցնելը: Ինչո՞ւ:
Որքան էլ զարմանալի թվա՝ առաջին հայացքից` առաջարկվող փոփոխություններից առնվազն երկու հիմնարար կետ իրենց էությամբ հակադեմոկրատիկ են: Այստեղ երկու ճշտում պետք է անենք միանգամից: Հակադեմոկրատիկը մեզ համար չի նշանակում՝ ինքնին վատ կամ ինքնին լավ, մեր նպատակը փաստելն է, և որևէ հասարակարգ, այդ թվում՝ դեմոկրատիան, մենք ինքնին լավ ու վատ չենք համարում, ոչ էլ բոլոր ժամանակների, տեղերի և իրավիճակների համար միակ ճիշտը: Երկրորդ՝ առաջարկվող փոփոխությունների հակադեմոկրատիկ միտման բուն աղբյուրը Հայաստանում չէ, այլ աշխարհում տիրող մտածողության՝ անվանապես դեմոկրատիկ, բայց իրականում բուն դեմոկրատական տարերքը հնարավորինս սահմանափակել ձգտող և այն էլիտաների կոնսենսուսով ձևավորվող յուրահատուկ «փափուկ» օլիգարխիայով փոխարինելու միտված: Չնայած նման ձևակերպումները, անշուշտ, զարմանալի կարող են հնչել հայաստանցու ականջին, որը սովոր է հավատալ «քաղաքակիրթ աշխարհի» անթերիությանը և հատկապես անթերի դեմոկրատիզմին, սակայն մենք այստեղ չենք փորձի մանրամասն հիմնավորել մեր այս պնդումը: Թող այն առայժմ մնա՝ որպես վիճարկելի կետ, իսկ մենք ավելի մոտից տեսնենք այդ ընդհանուր միտման տեղական դրսևորումները:
Ո՞ր կետերի մասին ենք խոսում:
Արժի կենտրոնանալ երկուսի վրա՝ ԱԺ-ում պարտադիր 4 ուժի ներկայացվածությունն ու մաքուր համամասնական ընտրակարգին անցնելու գաղափարը:
Նախ՝ առաջինի մասին:
Դեմոկրատիայի սկզբունքային իմաստը ժողովրդի իշխանությունն է: Մի կողմ թողնենք, թե ինչ կարող է նշանակել ժողովրդի իշխանություն՝ բավականին բարդ սահմանվող հասկացությունը: Համենայնդեպս, նոր ժամանակներում դա, որպես կանոն, նույնացվում է ժողովորդի ընտրության հետ: Թվում է, թե սա ինքնին պարզ է, և բոլորն էլ դա հասկանում և ընդունում են: Անվանապես, իհարկե, այդպես է: Իրականում մեր ժամանակվա հիմնական միտումն է դեմոկրատիայի այդ սկզբնատարրը, հիմնական իմաստն անվանապես պահպանելով, հնարավորինս սահմանափակել և փոխարինել «բազմազանության», «ներկայացվածության», «հակակշիռների», «պարտադիր այլընտրանքի» սկզբունքներով: Հարցի գիտունները, անշուշտ, մեզ կառարկեն, որ մենք պարզապես ծանոթ չենք այսինչ տեսությանն ու այնինչ գրքին՝ հակադրելով ժողովրդի իշխանության և վերոնշյալ սկզբունքները: Վեճն իմաստ չունի. մեր ասածը, չնայած նույնպես կարող է հիմնավորվել տեսությամբ և գրականությամբ, բայց նախևառաջ տրամաբանությամբ հիմնավորվելու դաշտում է: Դեմոկրատիան մի բան չէ, որի էտալոնը պահպանվում է եվրոպական այս կամ այն համալսարանում, այլ սկզբունք է, որը յուրաքանչյուրս ի զորու ենք և նույնիսկ պարտավոր ենք մտածել ինքնուրույն: Կա պարզ ձևակերպում՝ ժողովրդի ընտրություն: Ճիշտ կամ սխալ: Բայց դա է դեմոկրատիան: Իսկ բազմազանությունը, այլընտրանքը, հակակշիռը և այլն, թեև, այսպես ասած, օգտակար և լավ բաներ են, բայց, եթե խոսում ենք դեմոկրատիայի մասին, չենք կարող այն աստիճան խրախուսվել, որպեսզի գերակշռեն ժողովրդի ընտրության պարզ սկզբունքին: Դրանք կարող են հավելել այդ սկզբունքը, դրանցով կարելի է փորձել շտկել այդ սկզբունքի անխուսափելի թերությունները, բայց որոշակի չափից այն կողմ, դրանք վերացնում են դեմոկրատիայի բուն իմաստը:
Ո՛չ բազմազանությունը, ո՛չ պարտադիր հակակշիռները, ո՛չ այլընտրանքը, ո՛չ փոքրամասնություններին հատուկ տեղ տալն իրենք իրենցով որևէ կապ չունեն բուն դեմոկրատիզմի հետ: Կրկնենք, սրանով չենք ժխտում այդ ամենի արժեքը, բայց ժխտում ենք դրա էութենական կապը դեմոկրատիզմի հետ: Դրանք բոլորը ոչ թե դեմոկրատիզմի, այլ լիբերալիզմի սկզբունքներն են:
Գործնական մասն այս ամենի շատ պարզ է: Եթե մեկը պարտադրում է, օրինակ, 2 քաղաքական ուժի պարտադիր ներկայություն ընտրովի մարմնում, այսինքն՝ սահմանափակում է ժողովրդական ընտրության սկզբունքը՝ հանուն բազմազանության և հակակշռի, ապա դա կարող է դիտվել՝ որպես դեմոկրատական բուն սկզբունքի ողջամիտ սահմանափակում, կամ հավելում, կամ թերությունների շտկում: Բայց եթե մեկը պարտադիր ներկայության շեմը հասցնում է 3, 4 և այսպես շարունակ քանակի, ապա դա արդեն ոչ թե հավելում է, այլ բուն դեմոկրատական սկզբունքի ոտնահարում, փաստացի վերացում: Դա ընտրություն է՝ ընտրության փոխարեն: Ընտրություն է՝ ընտրողի փոխարեն: Սրանով կուսակցությունները, որոնք առանց այդ էլ մեծամասամբ միայն տեսականորեն են ներկայացնում հանրային այլևայլ լայն խավերի շահերը (ոչ միայն Հայաստանում է այդպես, բայց հատկապե՛ս Հայաստանում և հետսովետական տարածքում), իսկ իրականում ներկայացնում են կամ միայն իրենք իրենց, կամ էլ մի որևէ հզոր՝ արտաքին կամ ներքին ուժային բևեռի շահերը, նաև յուրահատուկ առևտրային ձեռնարկությունների են վերածվում, է՛լ ավելի մեծ հնարավորություն են ստանում խորացնել այդ՝ հանրային բուն հողից վերացարկվելու և ինքնանպատակ քաղաքական բիզնեսների վերածվելու միտումը: Ժողովրդավարությունն ու կուսակցությունների օլիգարխիան նույն բանը չեն, նույնիսկ ահագին մասով հակադիր են միմյանց:
Երկրորդը՝ հայաստանյան և հետսովետական բոլոր ընդդիմությունների սրբության սրբոցը՝ մաքուր համամասնական ընտրակարգն է: Սա էլ հասկանալի է իրավիճակային տեսակետից: Մեր փորձը հուշում է, որ մեծամասնականը ընտրակեղծիքների և օդիոզ դեմքերի ԱԺ անցնելու արդյունավետ գործիքներից է: Բայց եթե մի պահ նորից մտածենք ոչ թե իրավիճակով, այլ սկզբունքներով, և բացի այդ՝ պատկերացնենք, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու և անցկացվելու են օրենքի տառին և ոգուն համապատասխան՝ առանց կաշառքների և այլն, ապա պատկերը շրջվում է: Մեծամասնական ընտրակարգն առավել մոտ է անմիջական ընտրությանը, անմիջական կամքի արտահայտությանը, իսկ համամասնականն ընտրողի կամքի հավելյալ միջնորդավորում է, քանի որ առաջարկում է ընտրել կուսակցական մի ցուցակ, որի մեծ մասը կարող է կազմված լինել անծանոթ կամ քիչ ծանոթ անուններից:
Առանց այդ էլ ներկայացուցչական սկզբունքը, որը պառլամենտարիզմի հիմքն է, ինչպես նաև կուսակցականությունը, միջնորդավորում են ընտրողի կամքը, բուն ժողովրդավարությունը, բայց երբ սրան էլ ավելացվում է համամասնական կարգը, ապա դա երկակի, եթե չասենք՝ եռակի միջնորդավորում է: Համամասնական սկզբունքը նույնպես կարող է լինել հավասարակշռող՝ համադրված ավելի անմիջական մեծամասնականի հետ, բայց եթե ընդունում ենք մաքուր համամասնական, ապա դա արդեն այլ բան չէ, քան կուսակցությունների դիկտատուրա ժողովրդի նկատմամբ, ժողովրդավարության իրական իմաստի ոտնահարում:
Գործնականում դա նշանակում է, որ ժողովորդի ներկայացուցիչ են դառնում մեծամասամբ անանուն, անծանոթ և խիստ նեղ հանրային շերտ՝ հիմնականում մայրաքաղաքի «գրագետ» «տղերք և աղջկերք» կուսակցական ակտիվիստները: Պարզապես ծաղր է և առողջ բանականության դեմ հանցանք է սա կոչելը դեմոկրատիզմ:
Նախորդ կառավարությունների օրոք այս թեմաները բացելը կարող էր սխալ ընկալվել՝ իրավիճակային հասկանալի հիմնավորումներով: Բայց այսօր, եթե իրապես ենք խոսում հեղափոխությունից, ապա այս հարցերը պետք է դրվեն սկզբունքորեն և համարձակ: Այլապես մի օր նորից կհայտնվենք մի իրավիճակում, երբ սկզբունքների մասին ստիպված կլինենք խոսել «կիսատ-պռատ»՝ հանուն իրավիճակի: Եթե մենք ուզում ենք շարունակել ունենալ մի համակարգ, որտեղ ընտրությունը լինելու է պայմանական ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և «Օրինացի» միջև, ապա կարող ենք հանգիստ շարունակել անվանապես՝ դեմոկրատական, իսկ իրականում՝ արևմտյան արդի մեղմ օլիգարխիան պատճենող ուղով: Հոգ չէ, որ անունները կփոխվեն, ու կունենանք, ասենք, ԴՀԿ-ի, ԵՀԿ-ի ու ԶՀԿ-ի միջև ընտրություն: Եթե ուզում ենք մի օր իրական քաղաքական դաշտ ունենալ, ապա պետք է հակառակի մասին մտածենք՝ հնարավորինս շեշտը դնելով իրական, այլ ոչ թե՝ անվանական դեմոկրատիայի վրա:
Ցայսօր եղած իրապես հեղափոխական և ոգևորող կարգախոսները եղել են ուղիղ ժողովրդավարության տարրի ավելացման, հայկական ուրույն հասարակարգի, մյուսներին օրինակ ծառայելու մասին պնդումները: Դրա՛նք պետք է միս ու արյուն ստանան, առաջարկների վերածվեն, ինստիտուտներ ձևավորեն, այլ ոչ թե՝ արևմտյան մաշված միտումների անոգի պատճենումը: Հետսովետական լիբերալիզմը պետք է հաղթահարվի, որպեսզի Հայաստանում իրական հեղափոխություն և իրական ժողովրդի իշխանություն հաստատվի: Նախապես պետք է շատ կարծրատիպեր քանդվեն, որպեսզի նորը հնարավորություն ստանա ձևակերպվելու: