«Թուրքիան կարող է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրանք ստեղծել՝ Ադրբեջանից կարևոր զիջումներ ստանալու համար». Հայկ Գաբրիելյան
«Իրան-ԱՄՆ դիմակայության նոր փուլը Թուրքիայի համար նոր իրավիճակ չէ, նախկինում էլ Թուրքիան հայտնվել է, այսպես ասած՝երկու քարի արանքում, երբ ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում էր կրճատել Իրանից նավթի գնումը»,- այսօր ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՄԱՀՀԻ ասոցիացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։
Նա հիշեցրեց այն ժամանակ Թուրքիայի արած հայտարարությունը, որ իր համար ընդունելի է միայն ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելը, իր համար ընդունելի չէ, երբ մի երկիրը պատժամիջոցներ է սահմանում մյուսի հանդեպ. «Ամեն դեպքում, չնայած Թուրքիան հայտարարեց, որ չի միանում ԱՄՆ պատժամիջոցներին, բայց զգալիորեն կրճատեց իրանական նավթի ներկրումը, այսինքն՝ կարողացավ գոհացնել երկու կողմին էլ, հիմա էլ նույնը կլինի։ Թուրքիան իր նավթի 50 տոկոսը ներկրում է հենց Իրանից, և ԱՄՆ-ը հաշվի է նստում այդ հանգամանքի հետ։ Այս հարցը խնդիր չի դառնա Թուրքիայի համար, թեև ներկայումս ավելի սերտ հարաբերությունների մեջ է Իրանի հետ, քան նախկինում էր»։
Ինչ վերաբերում է տարածաշրջանային եռակողմ ձևաչափերին և Արցախի հարցին, նա նշեց, որ Թուրքիայի համար ամրապնդվում է Ադրբեջանի նշանակությունը, ինչը բացասաբար է անդրադառնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարի վրա. «Մենք նախկինում տեսել ենք, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առերևույթ փորձի գնալով՝ իր համար բազմաթիվ կարևոր հարցեր լուծեց, որոնցից մեկը վերաբերում էր հենց Ադրբեջանին։ Ադրբեջանը խանդոտ է վերաբերվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցին, անպայմանորեն ցանկանում է շրջափակման մեջ պահել Հայաստանին, մյուս կողմից էլ չի ցանկանում՝ հարցը դիտարկվի այնպես, որ ինքը միջամտում է Թուրքիայի ներքին գործերին։ Ադրբեջանը պարզապես նշում է, որ քանի որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակվել է արցախյան հիմնախնդրի հետ կապված, հետևաբար, քանի այդ հիմնախնդիրը վերջնական լուծում չի ստացել, Թուրքիան գոնե բարոյական մակարդակում իրավունք չունի բացել Հայաստանի հետ սահմանը»։
Թուրքագետը նկատեց՝ ՀՀ նոր իշխանությունները վերջերս անընդհատ նշում են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու իրենց պատրաստակամության մասին, դա ողջունելի է, բայց ըստ նրա՝ Թուրքիան պատրաստ չէ ընդառաջել. «Ինչպես նշեցի՝ էլ ավելի է մեծանում Ադրբեջանի կարևորությունը Թուրքիայի համար։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման փորձը լուրջ խաղաքարտ է դարձել Թուրքիայի իշխանությունների կողմից՝ Ադրբեջանի իշխանություններից կարևոր զիջումներ կորզելու համար։ Եթե հետագայում տեսնենք, որ Թուրքիան ինչ-ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ապա կարող են լիակատար կասկածել դրանց ազնվությանը, քանի որ Թուրքիան առերևույթ կարող է նման պատրանք ստեղծել՝ Ադրբեջանից կարևոր զիջումներ ստանալու համար։ Երբ Թուրքիայում կշեռքի նժարին են դնում Հայաստանից և Ադրբեջանից ստանալիք ու ստացվող օգուտները, հասկանալի է, թե նժարն ում օգտին է թեքվում։ Դրա համար հիմա Թուրքիայի նախապայմաններից գլխավորը դարձել է արցախյան հիմնախնդիրը»։