«Գործող ԸՕ-ը լիարժեք հնարավորություն է տալիս կազմակերպելու ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ». Տիգրան Մուկուչյան
Գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս լիարժեք ծավալով կազմակերպել ընտրությունները: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Ընտրական ողջ գործընթացը կազմակերպվելու է գործող Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան: Գործող Ընտրական օրենսգիրքը լիարժեք հնարավորություն է տալիս կազմակերպելու ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ»,- ասաց Մուկուչյանը:
Նրա կարծիքով՝ հանձնաժողովը գործող ընտրակարգին համապատասխան պետք է իրականացնի ընտրությունների անցկացումը: Մուկուչյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի առանձին հարցերի վերաբերյալ ունեն առաջարկություններ, բայց այսօր, երբ արդեն մեկնարկել է գործընթացը և կա օրենսգիրք, կանոնակարգումներին համապատասխան պետք է իրականացնեն ընտրական գործընթացի կազմակերպումը:
Նա նկատեց, որ գործող օրենսգրքով Երևանի ավագանու ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների մոտ հանգիստ վիճակ է եղել, մարդկանց կուտակումներ չեն եղել: Մուկուչյանը նախորդ տարիների համեմատ այս փոփոխությունը հիմնավորեց ոստիկանության, հանձնաժողովների ավելի համակարգված աշխատանքով: