«Թրամփի ադմինիստրացիան կարող է մաքսիմում 6 տարի մնալ, իսկ Իրանը միշտ է լինելու. Հայաստանը պետք է հեռու մնա այդ ամենից». Լեոնիդ Ներսիսյան
Նոր պաշտպանական պատվեր ռազմավարություն հանդեսի ռազմատեխնիկական համագործակցության բաժնի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցն այդքան էլ դրական չէր Հայաստանի համար։
«Իրականում Ադրբեջանն օգտվել է տարածաշրջանային տարբեր նախագծերից, այդ թվում՝ սիրիական կոնֆլիկտից, իր գործարքներն առաջ տանելու համար։ Ադրբեջանում գուցե ինչ-որ պայմանագրային փաթեթով կարող են խոսակցություններ գնալ ԱՄՆ-ի հետ։ Բոլթոնը հենց Ադրբեջան էր եկել, իսկ Վրաստան ուղղակի մտավ, այնտեղ խոսելու առանձնապես բան չկար, մեզ մոտ էլ եկավ ուղղակի ասելու, որ կարող եք ամերիկյան զենք գնել, ոչինչ, որ գումար չունեք, կարևորը՝ մենք ձեզ առաջարկել ենք։ Բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ 140 մլն դոլար վճարել, ասենք՝ մի ինքնաթիռի համար, դա անհնար է։ Հետևաբար, Բոլթոնի այցն այդքան էլ լավ չէր Հայաստանի համար»,- այսօր ՄԱՀՀԻ-ում կազմակերպված «Օղակնե՞ր, թե՞ փրկօղակներ Հարավային Կովկասի համար. նոր մարտահրավերներին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց նա։
Լեոնիդ Ներսիսյանը նկատեց. «Նախ՝ ԱՄՆ դեսպանն ասում է՝ պետք է գնալ զիջումների, ինչ-որ բան տալ, հետո գալիս է Բոլթոնն ու ասում, որ պետք է Արցախի հարցը լուծվի, որպեսզի ակտիվորեն մասնակցենք Իրանի մեկուսացմանը՝ Ադրբեջանի հետ, դա այդքան էլ լավ չէ։ Դա նույնիսկ ԵՄ-ի կողմից լավ չընդունվեց»։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա ըստ նրա՝ շատ վտանգավոր կլինի Հայաստանի համար դեմ գնալ Իրանին. «Թրամփի ադմինիստրացիան կարող է մաքսիմում 6 տարի մնալ, իսկ Իրանը միշտ է լինելու, և նրանք երբեք չեն մոռանա, որ իրենց համար ինչ-որ դժվարին ժամանակահատվածում վատ ենք վարվել։ Պետք է այդ ամենից հեռու մնալ»։
Անդրադառնալով պատժամիջոցների հնարավոր ազդեցությանը հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վրա՝ նա հույս հայտնեց, որ ԱՄՆ-ը խելամիտ կգտնվի, և Ռուսաստանից Հայաստան ներմուծվող զենքի հետ կապված խնդիրներ չեն առաջանա. «Մենք այլընտրանք չունենք։ Բայց այդ հնարավորությունն էլ բացառել պետք չէ, պետք է պատրաստ լինենք դրան»։