Բանջարեղեն, որը կպաշտպանի ճնշման բարձրացումից
Դդումն ամենաշատ բջջանյութ պարունակող բանջարեղենների շարքին է դասվում: Med2.ru-ի հաղորդմամբ՝ այս բանջարեղենի օգտագործումը կարող է օգնել նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Դդումը պետք է առողջ սննդակարգի անբաժան մասը կազմի: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ, բետա-կարոտին, օրգանիզմի համար անհրաժեշտ մի շարք այլ միկրոտարրեր է պարունակում, որոնց օգտագործումը հնարավորություն է տալիս խուսափել մի շարք առողջական խնդիրներից:
Այս բանջարեղենը բարենպաստ ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի առողջության համար. օգտակար է այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են զարկերակային ճնշման բարձրացումը, աթերոսկլերոզը: Դդմի սերմերի յուղը նյութեր է պարունակում, որոնք պաշտպանում են արյան ճնշման տատանումներից:
Բացի այդ՝ դդմի սերմերը հարուստ են ցինկով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ցինկի անբավարար մակարդակը մեծացնում է կաթվածի զարգացման հավանականությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում 20 գրամ դդմի սերմեր օգտագործել:
Դդումն օգնում է նաև իջեցնել խոլեստերինի մակարդակը, ազատվել այտուցներից, ամրացնել իմունային համակարգը: Դդումն առանձնանում է վիտամին A-ի մեծ քանակով, ինչի շնորհիվ դրական ազդեցություն է ունենում մաշկի որակի, տեսողական օրգանների վրա, ամրացնում ատամներն ու ոսկորները:
Պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ դդումի կալորիականությունը ցածր է, բայց այն բավական երկար ժամանակով հագեցածության զգացում է հաղորդում, կանխարգելում չափից շատ ուտելը: Խնձորի հետ համադրելու դեպքում այն էներգիա կհաղորդի օրգանիզմին, իսկ մեղրի համադրությամբ կօգնի անքնության և նյարդային համակարգի խնդիրների դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը