«Արցախի հակամարտությունը, առաջին հերթին, վերաբերում է կոնկրետ 150 հազար մարդու ֆիզիկական անվտանգությանը». Զոհրաբ Մնացականյանը
«Մենք արտահայտել ենք Հայաստանի գերակայությունները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ, որոնք վերաբերում են հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը, բացառապես ՄԽ համանախագահության շրջանակներում, շեշտադրվում է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ամրապնդման գերակայությունը»,- այսօր ԱԺ-ում 2019թ.-ի բյուջետային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։
Հայաստանի կողմից, ըստ նախարարի՝ շեշտադրվում է Արցախի անվտանգության և ստատուսի գերակայությունը. «Նաև արտահայտված է այն մոտեցումը, որ Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն։ Այս շրջանակում ենք մենք տեղավորում մեր աշխատանքը»։
Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի հայտարարությանը, թե հավանական է՝ ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում լինի նաև ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, և նշեց, որ դա կհաստատեն, երբ վերջնական համաձայնություն լինի։
«Մեզ համար կարևորագույն զարգացումներից էր Դուշանբեի հանդիպումը, որի արդյունքում ձեռք բերվեցին որոշ պայմանավորվածություններ, որոնք չափազանց մեծ նշանակություն ունեն։ Մենք բավական զգայուն ենք հարցերին, որոնք վերաբերում են հռետորաբանությանը, կարևորություն ենք տալիս բոլոր այն քայլերին, որոնք վերաբերում են էսկալացիայի բացառմանը։ Սա անմիջական նպատակն է այս փուլում»,- ասաց նա։
Մնացականյանն ասաց, որ ընդգծելով անվտանգության և ստատուսի խնդիրը՝ ընդգծում են այն, որ Արցախի հակամարտությունը, առաջին հերթին, վերաբերում է կոնկրետ 150 հազար մարդու ֆիզիկական անվտանգությանը. «Սա մարդկանց վերաբերող խնդիր է, և այդ անվտանգության կոնտեքստում է, որ առաջնայնություն է տրվում ստատուսի հարցին։ Մենք այս շրջանակում ենք ձևավորում մեր մոտեցումը բանակցային գործընթացում։ Մենք այս փուլում դեռևս չենք անդրադարձել բովանդակային բանակցությունների, բայց պարամետրերի շուրջ քննարկումները շարունակվում են»։