Բաժիններ՝

«Բանակից առողջական խնդիրներով ազատված պաշտոնյաների տվյալներն ուսումնասիրելու որևիցե ցուցում, հանձնարարական չենք ստացել». Օհանյան

«Փաստինֆո» գործակալությունը զրուցել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանի հետ:

-Պարոն Օհանյան, որո՞նք են մեր երկրում այն տարածված հիվանդությունները, որոնց պատճառով զինծառայողներն ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից, կամ որոնց ի հայտ գալուց հետո դադարեցվում է քաղաքացու զինվորական ծառայությունը։

-Նախ՝ ուզում եմ ներկայացնել, որ ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացվում է 2018 թվականի ապրիլի 12-ի կառավարության N404 և N405 որոշումների համաձայն:  N404-ը նվիրված է ամբողջ այն հիվանդությունների ցանկին, ինչով որ փորձաքննվում են, իսկ N405-ը վերաբերում է ռազմաբժշկական և բժշկական փորձաքննություն իրականացնող այն մարմիններին, ով որ այս տարիների ընթացքում զբաղվում է ռազմաբժշկական փորձաքննությամբ։ Փորձաքննական հոդվածագիրքն ինքը բաղկացած է մի քանի մասերից, համապատասխան օրգան համակարգերից, այսինքն՝ հոգեբուժություն, նյարդաբանություն, թերապևտիկ վիրաբուժական, վնասվածքաբանական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջ, մաշկային և գինեկոլոգիական: Կարող եմ ասել, որ վաղաժամ զորացրվածների թվաքանակի վերլուծության ժամանակ ի հայտ է գալի, որ ոչ թերապևտիկ պրոֆիլի հիվանդներն են մեծամասամբ վաղաժամ զորացրվում, դառնում ոչ պիտանի հետագա զինվորական ծառայությանը, ի հաշիվ նրա, որ զորակոչի ժամանակ թերապևտիկ հիվանդությունները շատ ավելի դժվար է հայտնաբերել, քան մնացած նշած հիվանդությունները, որովհետև ակնհայտ աչքի են ընկնում և հնարավորինս քիչ ենք ունենում զորակոչվածներ, որոնք հետագայում բացի թերապևտիկ պրոֆիլից, որ հետագայում զորացրվում են, իսկ թերապևտիկ պրոֆիլի հիվանդներն ուղղակի ավելի խորը հետազոտման կարիք են ունենում և հետազոտության պարտադիր ցանկի մեջ նաև ներգրավված չեն լինում դժվարամատչելի բժշկական հետազոտությունները, ինչի կատարման արդյունքնում հետագայում այդ զինծառայողները հնարավոր է` վաղաժամ զորացրվեն։

– Իսկ այս տարվա ընթացքում կարո՞ղ ենք ասել՝ քանի քաղաքացի է ազատվել։

-Բացարձակ թվերը չեմ հրապարակի, որովհետև իրենք որոշակի գաղտնիություն ունեն, բայց կարող եմ ասել, որ նախկին տարիների համեմատ մենք նվազում ունենք, մոտակա 3-4 տարվա մեջ մենք բավականին նվազում ունենք, ամեն տարի նվազել է թիվը։

-Հուլիսին վարչապետի խոսնակը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով նախկին ու ներկա պաշտոնյաների, ինչպես նաև վերջիններիս զավակների պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերն ու դրանց օրինականությունն ուսումնասիրվում է։ Այս պահին հայտնի է միայն Սուրիկ Խաչատրյանի որդու դեպքը, հիվանդությունը կեղծելով բանակից ազատվելու փաստը։ Այլ բացահայտումներ կա՞ն և ովքեր են, եթե կարող եք ասել։

-Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը, ընդհանրապես, զբաղվում է զինծառայողների և այն քաղաքացիների փորձաքննությամբ, ովքեր պայմանագրային հիմունքներով ուզում են ծառայության անցնել:  Երբևիցե քաղաքացիների ռազմաբժշկական փորձաքննությամբ մենք չենք զբաղվել, բայց քրեական գործի շրջանակներում լինում են դեպքեր, երբ որ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձագետնները ներգրավվում են տարբեր կարգի փորձաքննություններին՝ համալիր դատահոգեբուժական, զուտ մասնագիտական կարծիք հայտնելու առումով։

Այսինքն, կարող է լինել քրեական գործ, որով նշանակված լինի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները հետո, առանձին գրությունով, այսինքն՝ ի հայտ եկած հիվանդության ախտորոշումը, առանց փորձաքննվողի անուն ազգանունը նշելու, ուղղակի զուտ նշելով քրեական գործի համարը, ինչը շատ ճիշտ է, որովհետև գտնում եմ, որ փորձաքննություն իրականացնող անձը պետք է չիմանա` ում փաստաթղթերն է այդ պահին ուսումնասիրում: Դա էլ որոշակի կոռուպցիոն ռիսկերի նվազում է բերում: Այդպիսի քրեական գործերի շրջանակներում, եթե վարույթ իրականացնող մարմինը գտնում է, որ ԿՌԲ-ի փորձագետների կարծիքը շատ կարևոր է, մենք ստանում ու պատասխանում ենք:  Խաչատրյան Սուրիկի որդու հետ կապված` ինչքան հիշում եմ` առաջին փորձաքննության գրությունն ու ախտորոշումը մեզ եկել է, մենք պատասխանը գրել ենք, բայց մամուլից տեղեկացա, որ երկրորդ դատաբժշկականն է նշանակվել, իսկ երկրորդի վերաբերյալ տեղեկություն չունեմ:

– Հրապարակվեց բանակում չծառայած պաշտոնյաների ցանկը, որոնց 99 տոկոսի հիմքն առողջական խնդիրներն էին: Քանիսի՞ հիվանդության պատմությունն եք ուսումնասիրել, ապօրինություններ կա՞ն հայտնաբերված:

– Որևիցե ցուցում, հանձնարարական չենք ստացել ձեր հնչեցրածի վերաբերյալ, բայց որպես փորձաքննություն իրականացնող հիմնարկի ղեկավար` մեջբերում անեմ, որ ռազմաբժշկական փորձաքննությունը կարող է որոշում կայացնել ոչ պիտանի զինվորական ծառայության համար, բայց դա չի կարող լինել պատճառ, որ տվյալ մարդը հանրային այլ ծառայության մեջ չկարողանա ընդգրկվի: Մենք ունենք Կառավարության որոշումը, որտեղ հստակ գրված է այն հիվանդությունների ցանկը, որոնցով արգելված է հատուկ ծառայության, քաղաքացիական ծառայության, հայեցողական պաշտոններ զբաղեցնելը. Դա Arlis կայքում հրապարակված է, դուք էլ կարող եք ծանոթանալ, վերջերս էլ, որքան հիշում եմ, թարմացվել է, լուրջ փոփոխությունների չի ենթարկվել, բայց 2000թ-ի կառավարության որոշումով այդ հիվանդության ցանկը տրված է:

-Զորակոչի համար ոչ պիտանի համարվող հիվանդությունների ցանկում առաջիկայում փոփոխություններ նախատեսվու՞մ են:

-2017-18թթ-ին հրամանը բավականին մեծ փոփոխությունների ենթարկվեց, մեծ խումբ էր աշխատում` նախկինում Պաշտպանության նախարարի N410 հրամանի փոփոխությունների վրա: Ասեմ, որ հրամանագիրքը վերանայելու անհրաժեշտությունն առաջացավ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, որովհետև Սահմանադրության փոփոխությունից հետո մենք փորձաքննությունը կարող էինք անցկացնել միայն այն փաստաթղթով, որը հաստատված է Կառավարության կողմից:

Դրա համար այս ընթացքում տվյալ հրամանի վրա աշխատում էր բժշկական ու նաև բժշկական կառավարիչների մեծ խումբ, ու աշխատանքի հիմունքներից ելնելով` մենք գնացինք որոշակի խստացման: Մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր հայրենիքն ունեցել է, ունի և ունենալու է պաշտպանության կարիք. մեր բնակչության ռեսուրսները բավականին քչացել են: Եվ մաքսիմալ պետք է անել այնպես, նաև մեր վարչապետն է այդ կոչը արել, որ անհրաժեշտ է երիտասարդները մոռանան նախկինում ունեցած մոտեցումները և հասկանան, որ էս երկիրը լուրջ վտանգների առաջ է կանգնած, ու չի կարող հանրության մի հատվածը գնա իր հայրենիքը պաշտպանի, իսկ մյուս հատվածը չգնա, հորինված, այս կամ այն ձևով ձեռք բերված հիվանդության մասին փաստաթղթերով խուսափեն ծառայությունից: Մեր ընտանիքները, մեր ապագան, մեր երաշխավորված կյանքը սկսվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմաններից:

Դրա համար գտնում եմ, որ, այո, այդ խստացումը պետք է: Նաև զորակոչվելու հետ միասին ստեղծվելու են համապատասխան պայմաններ,պարզ է, որ լիակատար առողջ և առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները չեն կարող հավասար խնդիրներ լուծել, դրա համար այս հրամանում խիստ հստակեցվել են բոլոր այն սահմանափակումները, որոնք հրամանատարների կողմից պետք է կատարվեն ու պահպանվեն, ինչը կբերի որոշակի առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների նորմալ ծառայելուն, առանց որևէ խնդիրների ու վիճակի վատթարացման ծառայությունն անցկացնելուն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս