«Առնվազն 20 ՀՀԿ-ական կլինի նոր ԱԺ-ում». Արա Պապյան
«Լավ է, որ ԱԺ-ն լուծարվեց, դա վաղուց պետք է արվեր, սակայն վատն այն է, որ Կառավարությունը, չնայած իր տված խոստմանը, որն է՝ առաջիկա ընտրություններն անցկացնել նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա, չիրականացավ, և մենք ընտրության ենք գնում հին օրենսգրքով, ինչը նշանակում է, որ վարկանիշային ընտրակարգը հնարավորություն է տալու 40-ից ավելի անձանց մուտքը խորհրդարան: Ցավոք, սա ԱԺ-ն կապաքաղաքականացնի, քանի որ կեսից ավելին լինելու են քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արա Պապյանը:
Նրա կարծիքով՝ գործարար պատգամավորների կամ թաղային հեղինակությունների զգալի մասը որոշ կուսակցությունների հովանու ներքո է լինելու այս ընտրություններում:
«Եթե քաղաքական գործիչ չեն, խորհրդարանում սկսելու են առաջ մղել իրենց բիզնես շահերը, ու իշխանությունը ստիպված է լինելու հաճախ նրանց հետ գործարքներ կատարել: Ես կուզեի, որ նոր խորհրդարանը գործեր 2 տարի ժամկետով, որի ընթացքում լուրջ, այդ թվում՝ սահմանադրական փոփոխություններ կկատարվեին, քննարկումներ կլինեին՝ արդյոք մեզ համար խորհրդարանական երկիր ենք ուզում՝ սուպեր վարչապետությա՞մբ, թե՞ նախագահական համակարգին կարելի է վերադառնալ»,- նշեց Արա Պապյանը:
Քաղաքագետը նշեց, որ խորհրդարանում մեծամասնությունը կկազմի «Քաղաքացիական պայմանագիրը», այնտեղ կհայտնվեն նաև ԲՀԿ-ն, «Սասնա ծռերը», «Լույսի» ընտրազանգվածի հարցն է մի փոքր բարդ, քանի որ ընտրազանգվածը նույնն է, ինչ ՔՊ-ինը:
«Հիմա շատերը ՔՊ-ի միջոցով հայտնվելու են ԱԺ-ում: Ես լինեի «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարը, ընդհանրապես կսառեցնեի նրանց անդամակցությունը, ովքեր այլ կուսակցության անդամ են եղել: ՀՀԿ-ի շանսերը քիչ են, բայց ՀՀԿ-ականները սիրով կմտնեն ՔՊ կամ այլ կուսակցություններ: Առնվազն 20 ՀՀԿ-ական կլինի նոր ԱԺ-ում»:
Արա Պապյանը վախենում է, որ կրկին խմբակային շահերի համար կծառայի ԱԺ-ն:
«Նախկինում, երբ տեսնում էի, որ խորհրդարանում օրինագիծ են քննարկում, սկսում էի մտածել, թե ո՞ր մեկի օգտի համար է, քանի որ ամեն օրենք ինչ-որ խմբի շահերի համար էր անցկացվում: Ներմուծողի, արտահանողի համար, և այլն: Մտահոգությունս է, որ նույն վիճակում չհայտնվենք. խմբակային շահերը հանրության շահերին չգերակշռեն»:
Անի Կարապետյան