«Ալավերդու պղնձաձուլարանը վաղ թե ուշ կամ կարդիականացվի կամ կփակվի». Ավինյան
Ալավերդու պղնձաձուլարանը վաղ թե ուշ կամ պետք է արդիականացվի կամ փակվի: Այս մասին «ArmProd EXPO 2018» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ խնդիրն ավելի շատ «Թեղուտ» ՓԲԸ-ի և ՎՏԲ բանկի միջև գոյություն ունեցող դատական գործի հետ է կապված, այլ ոչ Կառավարության: «Մենք փորձում ենք հնարավորինս արագ խնդիրը բերել տրամաբանական հանգուցալուծման, և այս պահի դրությամբ դրական առումով բանակցություններն առաջ են գնում, և ես կարծում եմ, որ մոտակա ժամանակներս մենք այդ հանգուցալուծմանը կհասնենք»,-նշեց նա՝ հավելելով, որ այս փուլում դեռևս քննարկվում են Ալավերդու պղնձաձուլարանի շահագործման շարունակման, ինչպես նաև արդիականացման և բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցեր:
Լրագրողի այն հարցին, թե ինչ փուլում են չինական ընկերության՝ նոր պղնձաձուլարան կառուցելու հետ կապված բանակցությունները, փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանեց, որ այս փուլում ակտիվ աշխատանք է տարվում չինացի գործընկերների հետ: «Նոյեմբերին տեղի է ունենալու Չինաստանի հետ միջկառավարական հանձնաժողովի նիստը, և այնտեղ, կարծում եմ, որոշակի զարգացումներ տեղի կունենան: Նախագիծը բավականին խոշոր է և ունի իր բարդությունները, բայց Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել բոլոր իր ջանքերը ներդնել, որպեսզի գործընթացը կայանա, և նախագիծը բնապահպանության առումով ապահով լինի»,-հավելեց նա: