«Արդեն քասթինգ է սկսվել. մի կուսակցությունից դուրս են գալիս ու մտնում մյուսը». Ալեքսանդր Իսկանդարյան
«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորում է օրենքի տառի պահպանումը, հետևաբար՝ հեղափոխությունն ավարտին կհասցվի հենց այս տեսանկյունից: Մեր երկրում չկատարվեց այն, ինչ Վրաստանում, որտեղ ժողովուրդը պարզապես մտավ խորհրդարան ու իր աջակցությունը հայտնեց Սահակաշվիլիին: Հայաստանում շատերը չէին սպասում, բայց եղան բանակցություններ, զիջումներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 9-ին սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններին, ապա Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ կհաղթի այն ուժը, որ կառաջադրի Նիկոլ Փաշինյանը.
«Իսկ ընտրությունները տեղի են ունենում այս ժամանակահատվածում, քանի որ ավելի ուշ նրանք ձայներ կկորցնեն: Փաշինյանի գլխավոր ռեսուրսը հասարակության աջակցությունն է»:
168.am-ի հարցին՝ առկա կուսակցություններից ո՞ր ուժին եք համարում ընդդիմադիր, որը կարող է հայտնվել խորհրդարանում, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց.
«Հնարավոր է՝ խորհրդարանում հայտնվի կամ հայտնվեն ուժեր, որոնք ընդդիմադիր կեցվածք կունենան: Դժվար թե նրանք որևէ ազդեցություն ունենան որոշումների կայացման գործում: Լինելու է հայկական ավանդական խորհրդարանը. մեկ ուժ որոշում է ընդունում, մյուսներն էլ խոսելու, հայտարարություն անելու հնարավորություն են ստանում: Նույնիսկ կարող են հիստերիկ ելույթներ ունենալ, հիշե՛նք նախկին ԱԺ-ն: Մենք խնդիր ունենք: Կայուն ընդդիմադիր ու իշխանական կուսակցություններ չկան: Մենք վերադարձել ենք 90-ական թվականների սկիզբ: Տեսնենք, թե գործընթացն ինչպես կզարգանա: Ամեն դեպքում մեծամասնություն կկազմի ուժը, որին կներկայացնի Փաշինյանը, եկեք ասենք՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ գուցե որևէ ուժի հետ»:
Քաղաքագետը խոսքով՝ մեկ բարդ հարց ևս կա. ովքե՞ր կհայտնվեն խորհրդարանում:
«Որտեղի՞ց ու ինչպե՞ս են հայտնվելու պատգամավորները: Մենք արդեն տեսել ենք, չէ՞, Երևանի ավագանիների ցուցակը: ԱԺ-ում բարդ է, 5 տարի պետք է աշխատեն: Չնայած արդեն քասթինգ է սկսվել. մի կուսակցությունից դուրս են գալիս ու մտնում մյուսը: Ամենահետաքրքիրը սկսվելու է ընտրություններից հետո»,- հավելեց նա:
Անի Կարապետյան