Արտակ Զեյնալյանը գոհ է վաղաժամկետ ազատման հանձնաժողովների աշխատանքից
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վստահեցնում է, որ գործող կառավարության գործունեության ընթացքում վաղաժամկետ ազատման հանձնաժողովները լավ են աշխատել, ինչի արդյունքում հաջողվել է բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները:
«Արմենպրես» գործակալության սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ իրենց կառավարության գործունեության ընթացքում վաղաժամկետ հանձնաժողովների արձանագրած ցուցանիշներն ամենաբարձրն են անկախ Հայաստանի պատմության մեջ:
«Դատարանները բավարարում են ներկայացված միջնորդությունների ընդհանուր առմամբ 1/3-րդը, իսկ կանանց մասով՝ 2/3-ը: Սա շատ բարձր ցուցանիշ է»,- նշեց Զեյնալյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ այդ հանձնաժողովները վատ են աշխատում՝ Արտակ Զեյնալյանը պատասխանեց.
«Եթե լավ չաշխատեին, մենք համաներում կիրականացնեինք, մտքում ունենալով քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումը, ինչը տվյալ դեպքում չկա: Այսինքն, այս հանձնաժողովները այս ինստիտուտները ոչ թե վատ են աշխատել, այլ լավ են աշխատել: Քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդել համաներման մասին օրենքը»,- ասաց նա: