Նիկոլ Փաշինյանի ԻԻՀ կատարելիք այցի շուրջ անորոշությունը պահպանվում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրանի Իսլամական Հանրապետություն կատարելիք այցի շուրջ անորոշությունը պահպանվում է: ՀՀ կառավարությունը Նիկոլ Փաշինյանի իրանյան այցի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տրամադրում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիի հետ հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում այցելելու է Իրան:  «Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնության ու փոխգործակցության հարուստ պատմությունը՝ հույս հայտնեցի, որ մեր երկրների քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները կնպաստեն նրան, որ ունենանք նաև նույնպիսի բարձր մակարդակի տնտեսական հարաբերություններ, ինչն էլ իր հերթին կնպաստի մեր անվտանգության կայունությանը: Դեսպան Սաջջադին նույնպես խոսեց մեր երկրների բացառիկ բարձր մակարդակի հարաբերությունների մասին, ընդգծեց, որ Հայաստանը, լինելով Իրանի միակ քրիստոնյա հարևանը, ամենաջերմ ու բարիդրացիական անխախտ հարաբերություններ ունեցող գործընկերն է:

Դեսպանը, ողջունելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության ջանքերը երկու երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ և կարևորելով ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսվող այցը ԻԻՀ-ը, պատրաստակամություն հայտնեց աջակցելու, որ մեր երկրների համագործակցությունն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու բազում այլ ոլորտներ»,- գրել էր Արմեն Գրիգորյանը:

168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց, որ վարչապետի բոլոր այցերի մասին տեղեկատվությունը տրամադրում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը, իսկ լրատվականը նման տեղեկատվություն երբեք չի հաղորդել:

Ըստ նրա, ՀՀ վարչապետի ցանկացած երկիր կատարելիք այցի մասին տեղեկատվությունը տարածվում է հաստատվելուց և բոլոր նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո:

Արման Եղոյանը նաև չհստակեցրեց` արդյոք նախապատրաստվո՞ւմ է վարչապետի այց Իրան ընդհանրապես, թե՞ ոչ, և ե՞րբ է նախատեսվում: Նա դարձյալ ասաց, որ ցանկացած երկիր կատարելիք այցի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է հաստատումից հետո, իսկ մինչ այդ նման այցերը  նախապատրաստական տարբեր փուլեր են անցնում, որի վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում:

Տեսանյութեր

Լրահոս