Ագրոլիզինգի շահավետ պայմաններ՝ Կոնվերս Բանկում

Կոնվերս Բանկը սկսել է «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ Լիզինգի պետական աջակցության ծրագրի» շրջանակներում վարկավորումը: Այս տարվա ընթացքում սա գյուղատնտեսության ոլորտում  պետական սուբսիդավորմամբ  իրականացվող երրորդ ծրագիրն է, որին միացել է Կոնվերս Բանկը:

«Ծրագրի շրջանակներում վարկավորումն իրականացվում է ՀՀ  դրամով՝ մինչև 8 տարի մարման ժամկետով: Վարկավորման տարեկան առավելագույնը տոկոսադրույքը 11 տոկոս է, որից 7-ը սուբսիդավորում է պետությունը: Այնպես որ, շահառուների համար տոկոսադրույքը կազմում է ընդամենը 4 տոկոս»,- ասել են Բանկում:

Այս ծրագրի շրջանակներում վարկային միջոցները կարող են ուղղվել  գյուղատնտեսության տարբեր ոլորտների՝ այդ թվում անասնաբուծության, բուսաբուծության (այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն), սառնարանային տնտեսության (այդ թվում՝ կաթի մթերման կայաններ), սպանդանոցային, ագրովերամշակող  արդյունաբերության համար գյուղսարքավորումների ձեռքբերմանը:

Նշենք, որ Կոնվերս Բանկը մասնակցում է նաև «ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրին» և «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին», ինչպես նաև վարկավորում է իրականացնում սեփական ռեսուրսներով:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ տարեսկզբի համեմատ, Բանկի գյուղվարկավորման ընդհանուր պորտֆելն աճել է 51 տոկոսով և կազմում է շուրջ 9,6 մլրդ դրամ:

Տեսանյութեր

Լրահոս