«Եթե մերը «վիզը ծուռ» արտաքին քաղաքականություն վարելն էր, ապա ո՞րն է ձեր «հպարտ վզով» քաղաքականությունը». Շարմազանովը՝ Փաշինյանին

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ-ում անդրադառնալով ՀՀ կառավարության նախորդ վեց ամիսների կատարած աշխատանքներին և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների այն հայտարարությանը, թե Հայաստանի համար պետք է ապահովեն թռիչքային զարգացում, հարց բարձրացրեց՝ իշխանափոխությունից հետո թռիչքաձև զարգացում եղե՞լ է: Միաժամանակ նա նկատեց, որ խիստ կասկածում է, որ վեց ամիսների ընթացքում հանրությունը պետք է թռչեր և ապրեր դրախտում։

Էդուարդ Շարմազանովին նաև հետաքրքրում էր, թե այս վեց ամիսների ընթացքում որքա՞ն աշխատատեղեր են ստեղծվել, ինչպիսի՞ն է ներդրումային միջավայրը, ժողովրդի կենսամակարդակը լավացե՞լ, թե՞ վատացել է, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացե՞լ, թե՞ էժանացել են։

Այնուհետև խոսելով ներդրումային միջավայրի մասին, ԱԺ փոխխոսնակը նշեց, որ առաջին եռամսյակի համեմատ՝ երկրորդ եռամսյակում ներդրումները պակասել են երեք անգամ։

«Առաջին եռամսյակում ներդրումները կազմել էին 100 մլն դոլար, երկրորդ եռամսյակում՝ 9 մլն դոլար, սրանք իմ տվյալները չեն, այլ պրոֆեսիոնալ տնտեսագետների տվյալները, որոնք հրապարակային են, և կարծում եմ՝ վարչապետի պաշտոնակատարը կիմանա, կամ գոնե զեկուցած կլինեն։ Հիմա, եթե ներդրումային բում էինք սպասում, եկանք կանգնեցինք ներդրումային անկման տաշտակի առջև, սա լավացնո՞ւմ, թե՞ վատացնում է երկրի վիճակը, իհարկե վատացնում է։ Բացի այդ, այս բյուջեով գրված էր 6,5 տոկոս տնտեսական աճ, հաջորդ տարի մենք սպասում ենք 4,9 տոկոս տնտեսական աճ։ Ավելին՝ 2019 թվականի բյուջեի նախագծով 3,5 տոկոս գնաճ է նախատեսվում և 0 տոկոս աշխատավարձերի բարձրացում»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

Կարդացեք նաև

Անդրադառնալով աշխատատեղերին, Է. Շարմազանովը նշեց, որ 10-15 աշխատատեղեր բացելուց «Հայլուրը» դրա մասին մեկ շաբաթ խոսում է, այն դեպքում, երբ Ալավերդու պղնձաձուլարանը դարձել է փակման ենթակա գործարան, որի արդյունքում 630 ալավերդցիներ կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի և փաստի առջև։
Էդուարդ Շարմազանովը նաև հիշեցրեց, որ իշխանափոխությունից առաջ ներկայիս իշխանություններն իրենց քննադատում էին «կարմիր գծերի», ճանապարհային նկարահանող սարքերի համար, բայց չգիտես՝ ինչու, այսօր պարզվել է, որ դրանք անհրաժեշտություն են, որպեսզի մանկապարտեզները վերանորոգեն։

«Բա սա ինչպե՞ս եղավ, հեղափոխությունից առաջ, հազար ներողություն, ձեր կողմնակիցներն իրենց ներքնաշորերով ճանապարհներին տեսանկարահանող սարքերն էին փակում՝ բողոքելով, որ դրանք այլևս պետք չեն։ Պարոն վարչապետ, որ գնացիք Գումի շուկա, չնայած, իմ կարծիքով, այնտեղ պետք է գնար Գյուղատնտեսության նախարարության առաջատար մասնագետը, դրանից հետո մեր ժողովուրդը լոլիկն ու վարունգը էժա՞ն գնեց, թե՞ ոչ»,- ընդգծեց Է. Շարմազանովը։

Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը և անվտանգությանը, ԱԺ փոխխոսնակը, նշեց, որ ներկայիս իշխանություններն իրենց նաև մատնացույց էին անում, թե Հայաստանը «վիզը ծուռ» քաղաքականություն է վարել։

«Եթե «վիզը ծուռ» քաղաքականություն վարելն այն է, որ Հայաստանը կարողացել է մտնել ԵԱՏՄ և ՀԱՊԿ-ում զբաղեցնել գլխավոր քարուղարի պաշտոնը և ԵՄ-ի հետ ստորագրել է համաձայնագիր, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ բոլոր եվրոպական երկրները  պետք է ճանաչեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, և դա այլևս դառնում է ԵՄ երկրների համար օրենք, ապա ես էլ չգիտեմ՝ «հպարտ վզով» քաղաքականությունը ո՞րն է։ Սա էլ տեսանք, Ջոն Բոլթոնը եկավ ու ասաց՝ դուք ձեր պատմական կաղապարներից հրաժարվեք, այդ ո՞րն է պատմական կաղապարը, ավանդական հայ ընտանի՞քը, քրիստոնեական արժեքնե՞րը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվե՞լը, չգիտեմ»,- նշեց Է. Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանովը նաև խոսեց այն մասին, որ նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ-ում քննարկվելու է գլխավոր քարուղարի հարցը.

«Ակնկալում եմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ամեն ինչ կանի, որպեսզի ՀԱՊԿ-ում Հայաստանը պահպանի գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը բացառիկ կարևորության կառույց է Հայաստանի անվտանգության համար։ Եթե այդպես անենք, դա մեծ նվեր կլինի մեր ժողովրդին»,- եզրափակեց Է. Շարմազանովը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս