«Խորհրդարանն ինձ վրա չի գալիս. երկու անգամ ինքս չեմ եկել խորհրդարան, հիմա խորհրդարանն ինքն է լուծարվում». Արամ Սարգսյան
«Միանշանակ է, որ պատժամիջոցները թե՛ Իրանի, թե՛ ՌԴ-ի վրա՝ ազդելու են ՀՀ տնտեսության վրա։ Անկախ նրանից, թե մենք ինչքան փոքր տնտեսություն ունենք, պարոն վարչապետ, փոքր տնտեսությունների վրա ավելի պինդ են ազդում»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ մեծ տնտեսության տեր Ռուսաստանը Հայաստանի նման երկրում իրացնում է իր հնարավորությունները. «Երբ իր երկրում իրավիճակը ծանրանում է, մեր երկրում սկսում է քերել, ու որպեսզի դրանից մենք խուսափենք, մեր տնտեսական և քաղաքական գործունեությունը պետք է ակտիվացնենք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։ Ճանապարհները բազմաթիվ են»։
Արամ Սարգսյանի խոսքով՝ աշխարհում կա մի երկիր, որի վրա երբեք ոչ մի տնտեսական ճգնաժամ չի ազդել՝ Գերմանիան. «Այդ երկրում տնտեսությունն այնքան դիվերսիֆիկացված է, որ ցանկացած ճյուղ երբ անկում է ապրում, մյուս ճյուղերը դա ծածկում են։ Շատ լավ է, որ Հայաստանը կարողանա այնպես դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, որ մեզ վրա էլ տնտեսական ճգնաժամերը չանդրադառնան։ Բայց դրա համար մենք պետք է նայենք մեր ունեցած ռեսուրսներին։ Ես նկատեցի, որ վարչապետի ելույթում ջրային և հանքարդյունաբերական ոլորտները ներկայացվեցին որոշակի նեգատիվ ենթատեքստում։ ՀՀ-ն ջրային ռեսուրսներով շատ հարուստ երկիր է, մենք այսօրվանից պետք է մեր ջրային ռեսուրսների կառավարմամբ գլոբալ խնդիր լուծենք։ Շատ վատ է, որ կան հէկ-եր, որոնք ջրաչափ չունեն, շատ վատ է, որ ունենք ստվերային այգիներ, բայց անհամեմատ ավելի վատ է, երբ ամեն երեք տարին մեկ մենք Սևանա լճի չափ ջուր կորցնում ենք, որը գնում է Կասպից ծով։ Այս խնդիրն է գլոբալ լուծել պետք»։
Նա նկատեց, որ հանքարդյունաբերության մասին խոսվեց, բայց ոչ մի խոսք չեղավ լեռնամետալուրգիայի մասին. «Մենք լուրջ խնդիր ունենք վերջնական ապրանք ստանալու։ Հավատացնում եմ, որ ծանր արդյունաբերությունն է իրական աշխատատեղ ապահովում։ Հայաստանը պետք է իր առաջ դնի այդ խնդիրը։ Մեր երկրում այսօրվա դրությամբ միակ լոկոմոտիվը լեռնամետալուրգիան է»։
Իսկ գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, ըստ Սարգսյանի՝ պետք է նախ բնական աղետներից ապահովագրում լինի. «Քանի դեռ ցանցային համակարգի չենք անցել, չենք ապահովել հակակարկտային կայանների նորմալ աշխատանքը, որևէ ապահովագրական ընկերություն չի ապահովագրի գյուղացուն։ Գյուղացին պետք է իմանա՝ ինչ է արտադրելու։ Շատ եմ ուզում՝ ուշադրություն դարձնես սերմերի գնման և դրանց որակի վրա. այս տարի մենք լոլիկի խնդիր ենք ունեցել, որովհետև ամենաանորակ սերմերն ենք գնում, չի կատարվում դրանց սելեկցիա, մեր լոլիկը կարտոֆիլից չի տարբերվում այն դեպքում, երբ Հայաստանը լավագույն լոլիկի արտադրությունն է ունեցել։ Մենք գյուղացիներին չենք տրամադրում էժան վարկեր»։
Ելույթի վերջում Սարգսյանը ողջունեց, որ վարչապետի չընտրվելով՝ խորհրդարանը լուծարվելու է. «Խորհրդարանն ինձ վրա չի գալիս. երկու անգամ ինքս չեմ եկել խորհրդարան, հիմա խորհրդարանն ինքն է լուծարվում»։