
CNPC-ի ստորաբաժանման ղեկավարն ինքնասպանություն է գործել

CNPC Bohai Drilling Engineering Company Limited-ի գլխավոր տնօրեն Չժոու Ցզունցյանն ինքնասպանություն է գործել: Նոյեմբերի 1-ին այս մասին հայտնել է Չինաստանի Caixin գործարար հրատարակությունը։
Ընկերությունում հրատարակության աղբյուրների տվյալներով՝ բարձրաստիճան կառավարիչն ինքնասպանությամբ կյանքին վերջ է տել հոկտեմբերի 30-ին: Ինչպես ասված է կորպորատիվ մահախոսականում, Չժոու Ցզունցյանը «վախճանվել է լարված աշխատանքի եւ ընտանեկան խնդիրների պատճառով»:
Նրա մահվան հանգամանքների այլ մանրամասնություններ չեն հայտնում: CNPC-ն պետական ընկերություն է եւ Չինաստանի նավթի-գազի խոշորագույն կորպորացիան: Fortune Global 500-ի աշխարհի խոշորագույն ընկերությունների վարկանիշում CNPC-ն 2017 թվականին զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Ընկերությունը նավթի-գազի տարբեր նախագծերի է մասնակցում աշխարհի ավելի քան 30 երկրում. տարեկան այն արդյունահանում է շուրջ 103 միլիոն տոննա նավթ եւ 103 միլիարդ խորանարդ մետր գազ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: