
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերի պատրաստակամության դեպքում դեմ չէ ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելուն

Բարեփոխված ԸՕ-ով ընտրություններն ավելի քաղաքական կլինեին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերի պատրաստակամության դեպքում դեմ չէ ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելուն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Փաշինյանը:
«Այս ընտրությունը ՔՊ-ի կամ որևէ այլ ուժի համար չէ: Այս ընտրությունը ժողովրդի համար է, և որոշումը կայացնելու է ժողովուրդը: Ես կարծում եմ, որ ԸՕ-ի մեր առաջարկած տարբերակով ընտրություններն ավելի քաղաքական կլինեին: Եվ այն քաղաքական ուժերի ավելի լայն շրջանակի համար հնարավորություն կընդգրկեր»,- ասաց Փաշինյանը:
Նրա կարծիքով, սակայն, լիարժեք հնարավորություն կունենան ապահովել ազատ և թափանցիկ ընտրություններ: Փաշինյանը շեշտեց՝ Երևանի ավագանու ընտրությունները, ՏԻՄ ընտրությունները ևս արել են գործող օրենսգրքով, և դրանց որակի գնահատականը չի փոխվել դրանից:
«Եթե խորհրդարանական ուժերը պատրաստակամություն հայտնեն նախագիծը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար, մենք կողմ ենք դրան: Ուղղակի ես չեմ կարծում, որ արժե գործընթացն անընդհատ պտտել: Եթե գործընթացի մեջ կտեղավորվի, մենք դեմ չենք»,-եզրափակեց Փաշինյանը: