Բաժիններ՝

Խաշոկջին սպանվել է հյուպատոսարանում, իսկ մարմինը ոչնչացվել է. Ստամբուլի դատախազության հայտարարությունը

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիայի քաղաքացի, ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) սպանության հանգամանքների վերաբերյալ:

Տարածված գրավոր հայտարարության մեջ նշվել է, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում սաուդական հյուպատոսարանի շենքում:

«Հիմնվելով Հանրապետական դատախազությանը կողմից կատարվող հետաքննության արդյունքում ձեռք բերված ապացույցների վրա՝ անհրաժեշտություն ենք համարում հանրության հետ կիսվել սպանության հանգամանքների վերաբերյալ ներքոշարադրյալով:

Զոհ Ջեմալ Խաշոկջին 02.10.18թ-ին ամուսնական փաստաթղթեր ստանալու համար մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի թագավորության գլխավոր հյուպատոսարան: Հյուպատոսարան մտնելուն պես նա նախօրոք ծրագրված կերպով խեղդամահ է արվել:

Սպանությունից հետո Խաշոկջիի դիակը կրկին նախօրոք ծրագրված կերպով մասնատվել է և ոչնչացվել:

Արդյունքում երկար ժամանակ հյուպատոսարանից Խաշոկջիի դուրս գալուն սպասող մտերիմներից մեկը դիմել է իրավապահ մարմիններին: Դրանից անմիջապես հետո հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել, որը ողջ թափով շարունակվում է»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ հոկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը Խաշոկջիի սպանության գործով ժամանել էր Թուրքիա, որտեղ գործի վերաբերյալ քննարկումներ է ունեցել թուրք պաշտոնակցի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Սաուդյան Արաբիայի վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի լրագրող, ամերիկյան «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Խաշոկջին մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չի եկել:

Սկզբում ենթադրվում էր, որ Խաշոկջին ձերբակալված պահվում էր Ստամբուլում հյուպատոսարանի շենքում, սակայն օրեր անց արդեն սկսեց շրջանառվել վերջինիս սպանված լինելու վարկածը:

Թուրքական ոստիկանության սկսած հետաքննության արդյունքուն հաստատվեց սպանության վարկածը, ինչից հետո Սաուդյան Արաբիան նույնպես ընդունեց լրագրողի սպանվելու հանգամանքը:

Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի հանդիսացող Խաշոկջին հյուպատոսարան էր այցելել ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը վերցնելու նպատակով:

ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստացած Խաշոկջին աշխատել է տարբեր սաուդական լրատվամիջոցներում՝ մշտապես հանդես գալով իշխանություններին քննադատող հոդվածներով: Իր երկրում հետապնդումների ենթարկված լրագրողը վերջին շրջանում թղթակցում էր ամերիկյան «Washington Post» թերթին, որտեղ նույնպես հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող հոդվածներով:

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս