
Սիրիան կարող է ԵԱՏՄ-ին անդամակցելու հարց առաջադրել. «Իզվեստիա»

Սիրիան քննարկում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առանձին երկրների հետ առեւտրական արտոնությունների ռեժիմ բացելու հնարավորությունը եւ մոտ ապագայում, հնարավոր է, միավորմանն անդամակցելու հարց առաջադրի: «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտնել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Սամեր ալ Խալիլը։
«Եվրասիական միավորմանն անդամակցելու համար անհրաժեշտ է նախ կնքել մաքսային համաձայնագրեր, կարգավորել այդ ոլորտի օրենսդրությունը, ստանալ բոլոր մասնակից երկրների համաձայնությունը: Ազատ առեւտրի գոտու բացումն այդ առումով ավելի հեշտ է, բայց կրկին՝ ընդհանուր համաձայնության առկայության դեպքում,- ասել է նա:- Ուստի մենք քննարկում ենք առանձին երկրների, օրինակ, Ռուսաստանի հետ առեւտրական արտոնությունների ռեժիմ բացելու հնարավորությունը: Սիրիայի տնտեսությունը սրընթաց զարգանում է, եւ, հնարավոր է, մենք արդեն մոտ ապագայում ԵԱՏՄ-ին անդամակցելու հարց առաջադրենք», հաղորդել է ՏԱՍՍ-ը: